Հայաստանում կանցկացվի «Արմթեք 2013» բարձր տեխնոլոգիաների համաժողով
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո կկայանա «Արմթեք 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը, որը կանցկացվի Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը: «Արմթեք 2013»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց:
Համաժողովին ակնկալվում է ավելի քան 200 հոգու մասնակցություն: Ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի, ԱՊՀ և այլ երկրներից, ինչպես նաև խոշորագույն վերազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Rostelecom, IBM, Cisco, D-Link, Mentor Graphics, National Instruments, UNIDO և այլն:
Համաժողովի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ հիմնական թեմաներով` «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում` վերջին զարգացումները և հաջողության պատմություններ», «Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական զարգացում», «Մարտահրավերներ, հնարավորություններ և հաջողության գործոններ»:
Համաժողովի շրջանակում կստորագրվեն հուշագրեր` տեխնոլոգիական ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության վերաբերյալ:
Համաժողովի կազմակերպիչներն ու գործընկերներն են` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ EDMC ծրագիրը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Սինոփսիս Արմենիա»-ն, Վիասֆեր տեխնոպարկը, Զարգացման հայկական գործակալությունը, Ազատ տնտեսական գոտի ալյանսը, Հայ-ամերիկյան առևտրի պալատը և «G2iA» ընկերությունը: Համաժողովի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան