Դ. Ջամալյան. Նման հայտարարությունները լարվածությունը չեն լիցքաթափում
Համանախագահների համատեղ հայտարարության մեջ կողմերին առանձնակի կոչ էր արվում «զերծ մնալ այնպիսի գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում և սրել հակամարտությունը»: Ի՞նչ գործողությունների ու քայլերի մասին են խոսում համանախագահները և ով է սրում իրավիճակը սահմանագծում: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ:
«Բազմիցս, այդ թվում և ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ «մեղքի հավասարության» սկզբունքի հիման վրա արված հայտարարությունները ոչ միայն չեն կարող լիցքաթափել լարվածությունը պետական սահմանին, այլև ընդհակառակը՝ անուղղակիորեն նպաստում են իրավիճակի է՛լ ավելի սրմանը, քանզի նախահարձակ ագրեսիայի անհետևանք մնալու համոզվածություն են ստեղծում ադրբեջանական կողմի մոտ»,- նշեց Դ. Ջամալյանը:
Նա հիշեցրեց, որ ընդամենն օրեր առաջ ՀՀ քաղաքացին, անզեն քաղաքացիական անձը պատահմամբ հայտնվելով հայ-ադրբեջանական սահմանին հարող ականապատ տարածքում զոհվել է այն պատճառով, որ ադրբեջանական կողմը նպատակային կրակով խոչընդոտել է նրան ականապատ տարածքից տարհանելուն:
«Տարածաշրջանի կայունությանը կարող է վտանգել ադրբեջանական կողմի ահանման՝ որևէ ռացիոնալ նպատակահարմարությամբ չպայմանավորված ագրեսիվ պահվածք»,- նշեց նախարարի խորհրդականը:
Ըստ նրա՝ պետական սահմանին առկա լարվածությունը սրելու որևէ դրդապատճառ հայկական կողմը չունի, միաժամանակ նշելով, որ պետությունն ամեն ինչ անում է իր քաղաքացուն պաշտպանելու համար, ինչը տարածաշրջանային փխրուն կայունությունն ապահովելու գործուն երաշխիքներից է:
Նախորդիվ`
Համանախագահները կքննարկեն մինչև տարեվերջ նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցը