ՊՆ-ի նախկին շենքը վաճառվում է
«Աշխարհի քաղաքակիրթ երկրներում, եթե որևէ իր, առավել ևս մեծ շինություն դադարում է իր նախնական նպատակին ծառայել, ապա այն դեն չեն նետում կամ մատնում անտերության: Մինչդեռ մեզ մոտ հակառակ պատկերն է»: «Ժողովուրդ»-ն այս հարցում հերթական անգամ համոզվել է` անմխիթար վիճակում տեսնելով ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը: Այն հիմա վաճառքի է դրված, սակայն դեռ գնորդ չունի:
«Նշենք, որ շենքը գտնվում է Երևան Աշտարակ ճանապարհին և շրջապատված է խաղատներով»: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ եղել է այնտեղ և արձանագրել տիրող տխուր վիճակը: Կոտրված ապակիներով շենքն ամբողջովին կորած է աղբի, փոշու ու տատասկի մեջ: Ակնհայտ է, որ տարիներով շենքում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ինչի պատճառով այն բավական հնացել: Թե ինչու է շենքը հայտնվել նման իրավիճակում, անհասկանալի է: Չէ՞ որ այն` որպես պատերազմական տարիներից մնացած խորհրդանիշ, կարելի էր ծառայեցնել, որպես ՊՆ կառույց կամ հատկացնել, օրինակ, երկրապահներին:
«Ժողովուրդ»-ը ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացել է, որ շենքն այս պահին վաճառքի է դրված: Արժեքն է 4 միլիարդ 600 միլիոն դրամ: Այս ընթացքում շենքով ընդամենը երկու գնորդ է հետաքրքրվել, սակայն ծանոթանալով անմխիթար վիճակին` նրանք հրաժարվել են այն գնելուց: