Մեկը շվարած է, մյուսի համար հանելուկ է. Ովքե՞ր են Կոստանյանին «դեմ» քվեարկողները
Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունը հետաքրքիր արդյունքներ է արձանագրել. 103 պատգամավորներ են կողմ քվեարկել, իսկ դեմ քվեարկել են ընդամենը երեք պատգամավորներ, անվավեր համարվել է երկու քվեաթերթիկ: «Ես վստահ եմ, որ մեր խմբակցության անդամները և Նիկոլ Փաշինյանը դեմ են քվեարկել», -Panorama.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, Հաշվիչ հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաև ասաց, որ անվավեր քվեաթերթիկներից մեկը Ստեփան Դեմիրճյանինն է, քանի որ նա «պտիչկա» նշանն է դրել, մինչդեռ պետք է ջնջեր «կողմը» կամ «դեմը»: Լյուդմիլա Սարգսյանը նաև ասաց, որ իր քվեարկությունը բաց է եղել և թաքցնելու ոչինչ չունի:
Բաց է քվեարկել նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա փոխանցեց, որ ինքն էլ է անակնկալի եկած քվեարկության արդյունքներից. «Կարծում եմ մեր խմբակցության չորս անդամներ քվեարկել են դեմ անակնկալ էր, որ երեք դեմ ձայն է ստացել»:
Պարզվեց` դեմ է քվեարկել նաև ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: «Ես որպես խմբակցության կարգապահ անդամ ենթարկվում եմ խմբակցության որոշումներին»,- ասաց նա: Հիշեցնենք` ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարել էր, որ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին:
Կոստանյանի թեկնածության մասին դեմ էր արտահայտվել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը` ի դեմս խմբակցության ղեկլավար Ռուբեն Հակոբյանի: Վերջինը Panorama.am-ին ասաց, որ ինքը վստահաբար դեմ է քվեարկել, և արդյունքները իր համար էլ անակնկալ էին: Իսկ նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ ասաց, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը:
Նույն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ իր հերթին զարմանք հայտնեց` ասելով, որ ինքն էլ է դեմ քվեարկել: «Ես քվեարկել եմ ու շվարած եմ. ում տեսնում եմ, ասում եմ դեմ եմ քվեարկել: Երկու ֆրակցիայից ութ պատգամավոր միանգամից հայտարարում են, որ դեմ են քվեարկել», -լրագրողներին իր քվեարկության մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Քվեարկության արդյունքները հանելուկային էին նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար, որն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քաղաքական հանելուկ. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ»:
Իր քվեարկության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ի պատասխան լրագրողների հարցերին, սահմանափակվեց ասելով. «Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին»:
Տարօրինակ է` ստացվում է 7 պատգամավոր դեմ է քվեարկել, բայց փաստացի երեք «դեմ» է արձանագրվել: 7 դեմ-երից մեկը`Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը համարվել է անվավեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները