Ադրբեջանցի քաղաքագետ. Ադրբեջանում բնակչությունը հետաքրքրված չէ առաջիկա նախագահական ընտրություններով
Ադրբեջանում հոտեմբերի 9-ին կայանալու են նախագահական ընտրություններ, սակայն այս պահին այստեղ այնպիսի մթնոլորտ չի տիրում, ինչպես դա սովորաբար լինում է նման կարևոր միջոցառումներից առաջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսազանգի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը:
«Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի շրջանում ավելի մեծ հետաքրքրություն կար, քան նախագահական ընտրությունների շրջանում: Հիմա այնպիսի տպավորություն է, թե ոչ մեկին չի հետաքրքրում այս ընտրությունները»,- ասաց նա՝ առանձնացնելով մի քանի պատճառներ, թե ինչու է այդպես:
Նախ, ըստ նրա, ընտրությունների օրը մի քանի անգամ փոփոխվեց, թեկնածուները քարոզչություն իրականացնելու քիչ ժամանակ ունեցան, հեռուստատեսությամբ նոր-նոր է սկսվել քարոզչությունը, այսինքն՝ բնակչությունն, ընդհանրապես, քիչ է տեղեկացված առաջիկա ընտրությունների մասին: Բացի այս, ըստ քաղաքագետի, Ադրբեջանում իրադրությունն այնպիսին է, որ թեկնածուներին, հատկապես ընդդիմադիր, շատ դժվար է շփումը բնակչության հետ. շրջաններ այցելության ժամանակ նույնիսկ իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր ակտիվիստները բռնությունների են ենթարկվել, մի քանիսը ձերբակալվել են:
«Բնակչությունը կարծում է, որ գնա ընտրությունների, թե ոչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն որոշում կայացրել է, թե ով է ընտրվելու նախագահ, նույնիսկ քանի տոկոս ձայն պետք է ասվի գործող նախագահի օգտին: Այս ամենը բերել է նրան, որ հասարակության շրջանում չկա հետաքրքրվածություն»,- ասաց Արիֆ Յունուսը:
Ասուլիսին ներկա Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Ադրբեջանում չկա հետաքրքրվածություն ընտրություններով, քանի որ ընտրություններ չկան, որևէ ինտրիգ չկա ու չի էլ կարող լինել: Ըստ նրա, այս ընտրությունների արդյունքը նախօրոք հայտնի է բոլորին և Ադրբեջանի ներսում, և դրսում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, Հայաստանին ձեռնտու է այն, ինչ կատարվում է այժմ Ադրբեջանում, այսինքն՝ եթե ընտրություններից հետո էլ պահպանվի այնպիսի կայունություն, ինչպիսին այժմ է, ձեռնտու կլինի Հայաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա