Հ.Աբրահամյան. Համաներումը խթանելու է հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը
«Համաներման քաղաքական գնահատականը միանշանակ դրական է, այս քայլով պետությունն իր վերաբերմունքն է ցուցաբերում տարբեր հանգամանքների բերումով անազատության մեջ հայտնված անձանց նկատմամբ: Համաներումը խթանելու է հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը»,- քիչ առաջ Ազգային Ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ հիշյալ անձանց անհրաժեշտ է ուղղվելու և ճիշտ ճանապարհին կանգնելու հնարավորություն ընձեռել:
Հ.Աբրահամյանի խոսքով՝ շատ երկրներում համաներումը զուտ քաղաքական քայլ է, որն ուղղված է բազմաթիվ ներքին խնդիրների լուծմանն ու հասարակության լարվածության թուլացմանը: Հայաստանում այն ներառում է նշված բոլոր խնդիրները՝ իրավաքաղաքական, տնտեսական և սոցիալհոգեբականական և խթանում նաև քաղաքացիական համերաշխությունը. «Ես կոչ եմ անում այն անձանց, որոնք ազատ կարձակվեն համաներմամբ, այսուհետ լինել ավելի բարեխիղճ և ներդնել իրենց ուժերը պետության բարօրության համար՝ դառնալով հասարակության լիիրավ անդամներ»,- հավելեց իր ելույթը ԱԺ նախագահը:
Նշենք, որ խորհրդարանն ավարտեց քննարկել համաներում հայտարարելու հարցը, քվեարկությունը կկազմակերպվի վաղվա նիստի մեկնարկին: