Երիտասարդ գրողներն իրենց թեկնածուն են առաջադրելու ԳՄ նախագահի պաշտոնում
Գրողների միության երիտասարդական թևը Գրողների միության նախագահի իր թեկնածուն է առաջադրելու: Panorama.am-ի հետ զրույցում ԳՄ վարչության անդամ Հուսիկ Արան նշեց, որ դեռևս վաղ է հրապարակել նրա անունը, «գուցե վնասենք գործին»: «Երիտասարդ գրողներն ուզում են նորմալ թեկնածու առաջադրել և անպայման կգտնվի նման գրող: Ես ինքս կողմնակից եմ, որ Գրողների միության նախագահը երիտաարդ լինի՝ մինչև 35 տարեկան, հավասարակշռած ու փոխի միության ամբողջ հայացքը, մոտեցումները, չափանիշները: Ի վերջո ստեղծագործական միությունները Խորհրդային շրջանում ստեղծված կառույցներ են, որոնք ժամանակին իրենց դերը շատ լավ կատարել են: Ես չեմ ասում, որ պետք է լուծարվեն ու քանդվեն, այլ պետք է պահել ու ժամանակի չափանիշներին համապատասխան դարձնել»,- ասաց գրողը:
Ըստ Հուսիկ Արայի, Գրողների միությանը պետք է ծառայի իր անվանը, ֆունկցիային, դառնա գրական միջավայր, ստեղծի այդ միջավայրը: «Երջանկահիշատակ Լևոն Անանյանը մեծ, շնորհակալ գործ է արել, բայց այնտեղ պետք է իսկապես որոշակի բարեփոխումներ,- նշեց նա՝ օրինակ բերելով կանոնադրությունը,- նախագահը չպետք է ցմահ լինի, վարչությունն ավելորդ է, պետք է լուծարել, ստեղծվի նորմալ գրողներից խորհուրդ՝ գրողների միության նախագահի գլխավորությամբ, փոխվեն միության անդամ դառնալու չափանիշը և Գրողների միության անդամ դառնա իսկապես արդեն կայացած գրողը»:
Նշենք, որ Գրողների միության նախագահության պարտականություններն այժմ դրված է Էդուարդ Միլիտոնյանի վրա: Նոյեմբերին կկայանա ԳՄ համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի ԳՄ նոր նախագահ: Շրջանառվում է ԳՄ նախագահի թեկնածուի երեք անուններ՝ Էդուարդ Միլիտոնյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Հովիկ Հովեյան: Ավելի վաղ Է. Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դեռ վաղ է խոսել այդ մասին:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ուզում դառնալ Գրողների միության նախագահ. «Ոչ ուզում են նախագահության անդամ դառնալ, որ վարչության, առավել ևս չեմ ուզում Գրողների միության նախագահ դառնալ: Շատ շնորհակալ եմ, չեմ առաջադրելու իմ թեկնածությունը»: Նա նշեց, որ ԳՄ պետք է վերափոխվի, կանոնադրությունը փոխվի, նորացվի, նոր ժամանակներին համահունչ լինի քանի որ աշխարհը փոխվել է, իսկ իրենք հին սայլը հետևներից քարշ տալով գնում են:
Ինչ վերաբերում է մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի թեկնածությանը, մեզ հետ զրույցում նա ասաց. «Եթե իմ ընկերները, գրականության ասպարեզում աշխատող իմ համախոհները, նպատակահարմար կգտնեն ինձ տեսնել Գրողների միության նախագահի պաշտոնում ու իմ թեկնածությունը կառաջադրեն, և ես իրենց հուսախաբ չեմ անի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները