Հասան Ռոհանին ԱՄՆ-ից 5 ուղերձ է ստացել, սակայն չի ընդունել Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկությունը
«Իրանի և ԱՄՆ-ի միջև բավականին խավար մթնոլորտ է ձևավորված, 10 օրում հնարավոր չէ լուծել առկա խնդիրները»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություներում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Մինչ Նյու Յորք մեկնելը, ամերիկացիները 5 ուղերձ էին հղել, որպեսզի իմ և Բարաք Օբամայի միջև հանդիպում տեղի ունենար, սակայն ես չեմ ընդունել»:
Շարունակելով թեման՝ Ռոհանին հավելել է. «Հետո առաջարկեցին կարճ հանդիպման տարբերակը, որին ես շատ համաձայն չէի. Իհարկե, հանդիպմանը դեմ չէինք, պարզապես նախադրյալներ չափահովվեցին»:
Իրանի նախագահը, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հավանականությանը, նշել է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև բավականին խավար մթնոլորտ է ձևավորված, ժողովուրդը պետք է իմանա, որ 10 օրում հնարավոր չէ 8-10 տարվա արտաքին քաղաքականության խնդիրները լուծել»:
Անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովում Իրանի արձանագրած հաջողություններին՝ Ռոհանին նշել է. «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի կանխարգելենք տարածաշրջանում նոր պատերազմի սկսումը. Մենք այդ այցի ընթացքում հաջողություններ արձանագրեցինք»:
Նկատենք, որ սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը:
Նախորդող հրապարակում՝
Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմամբ՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը կբարելավվի. Իրանագետ
Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից. Իրանագետ