ՀՀ Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
ԶԼՄ ներկայացուցիչների առջև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջում:
«Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը և շարունակելու է ըստ ամենայնի նպաստել կառույցի դերի և հեղինակության բարձրացմանը եվրոպական ճարտարապետության մեջ։
Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումն ու կայացումն այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը:
Հայաստանի նախագահության հետագա անելիքների առնչությամբ մենք կարևորեցինք հոկտեմբերի 21-22-ը Երևանում կայանալիք Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ Գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան: Կարծում եմ, որ այս թեման առավել քան արդիական է այսօր, և մենք կարող ենք դիմակայել նման մարտահրավերներին` Եվրոպայի խորհրդի կողմից կուտակած փորձի և իրավական գործիքների արդյունավետ կիրառման միջոցով:
Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Իհարկե վերահաստատեցինք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ մեր բարձր վստահությունը»:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
Ս. Սարգսյան. Հայաստանի ցանկությունն է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ
Սերժ Սարգսյան. ՀՀ-ն հիմա էլ պատրաստ է նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Ս. Սարգսյան. Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները