Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Հալեպահայ Հերմինե Բոյաջյան-Ջեբեջյանը Հայաստան էր եկել անցած ձմեռ, մտադիր էր վերադառնալ Սիրիա, բայց արդեն մոտ մեկ տարի է մտադրությունը չի իրականացրել:
«Եկանք մի քանի ամիս մնալու, ձմռանը շատ ցուրտ էր, տաքացնելու հնարավորություն չկար Հալեպում, տղաս մեզանից շուտ էր եկել, ասաց` եկեք գոնե ձմեռը կանցկացնեք, հետո կգնաք: Բայց մնացինք: Եթե իրավիճակը հանգստանա… Ոչ թե հետ գնալու և այնտեղ ապրելու մասին ենք մտածում, այլ, որ գոնե մեր ունեցվածքն այնտեղ կարողանանք վաճառել, գանք այստեղ ապրենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկինն ու հավելեց, որ երբ ինչ-որ գումար ես ունենում, բայց չես աշխատում, շուտ վերջանում է:
Հալեպում ամուսինները սեփական տունն են թողել, ինչպես նաև տղայի տունը, գրասենյակը: «Անշարժ գույք է, եթե չվաճառես, ձեռքդ նյութական ոչինչ չի գա»,- ասաց նա:
Հերմինե Բոյաջյան-Ջեբեջյանը նշեց, որ Հայաստանում ապրում են իրենց խնայողությունների հաշվին. «Ամուսինս խանութը վաճառեց, դրանով ենք այստեղ ապրում: Դրամը չի աշխատում, միայն ծախսելով, վերջանում է: Տան վարձի խնդիր կա այստեղ, կյանքն էլ Հայաստանում էժան չէ: Բայց Փառք Աստծո, գոնե գլխիս վրա զարկ չկա»:
Տիկինը պատմեց, որ հաճախ է խոսում Հալեպում մնացած բարեկամների հետ: Ասում է` հատկապես խուճապ էր, երբ ԱՄՆ հարձակման մասին լուրեր էին շրջանառվում: «Երբ հեռուստացույցով ասեցին, որ պատերազմ չի լինելու, երևակայեք, ընկերուհիս զանգեց, ուրախությունից լալիս էր: Իհարկե ռմբակոծվում է Սիրիան, բայց պատերազմն ավելի վտանգավոր իրավիճակ պիտի ստեծեր բոլորի համար»:
Հերմինե Բոյաջյան-Ջեբեջյանը նաև հավելեց. «Հուզիչ է, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել: Վերջերս տեսա Հալեպի ռմբակոծված բերդի նկարը… այնքան գեղեցիկ էր բերդն այն ժամանակ: Հազարավոր տարիների պահված բանը քանդվի՞: Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք: Խոսում ենք, ծիծաղում, բայց ներսում … շատ տխուր է»:
Նախորդիվ`
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում