Ադրբեջանի քաղաքացուն ատրճանակի փողի տակ պահելով` թուրք սահմանապահը հայտարարել է, որ թքած ունի այդ երկրի վրա
Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում թուրք սահմանապահն ադրբեջանցու անձնագիրը հատակին է գցել և, ծառայողական ատրճանակը դուրս հանելով, փորձել է ուղղել այն վերջինիս վրա: Բաքվի բնակիչ Ռահիփ Շուքյուրովն ադրբեջանական «Vesti.az» լրատվական պորտալին պատմել է, որ ինքն իր կնոջ և երկու փոքր երեխաների հետ Անթալիայից վերադառնալիս է եղել Բաքու:
Օդանավակայանի անձնագրային ստուգման անցակետում Ռահիփը կնոջ հետ միասին մոտեցել է պատուհանին, քանի որ երեխաների անունները գրանցված են եղել ծնողների միջազգային անձնագրերի մեջ: «Գրեթե մոտեցել էինք պատուհանին, երբ սահմանապահը բղավեց` ստիպելով կնոջս և երեխաներին ետ քաշվել և անցնել վերահսկողության սահմանագծից այն կողմ: Կինս ետ գնաց դեպի մանկասայլակը, որտեղ մեր կես տարեկան երեխան էր: Իսկ ես կանգնած մնացի` երկու տարեկան տղայիս գրկած: Արդեն ուշ էր, և երեխան քնել էր ուզում, որի պատճառով գրկումս լաց էր լինում: Սահմանապահը շարունակեց ինձ հետ բարձր ձայնով խոսել` պահանջելով, որ երեխային տամ մորը», - պատմում է Ռահիփը:
Ի պատասխան թուրքական օդանավակայանի սահմանապահին` նա ասել է, որ կինը կանգնած է պայուսակների և մանկասայլակի մոտ ու չի կարող տղային էլ պահել: Այդ կապակցությամբ սահմանապահը հայտարարել է, որ պետք չէր երեխաների հետ ճանապարհորդել: «Նրա բղավոցից տղաս սկսեց ավելի բարձր լաց լինել, և այդ պահին թուրքական օդանավակայանի աշխատակիցն ինձ ասեց` «երեխայի բերանը փակի՛ր»: Ես պաշտպանեցի երեխայիս և նրան ասեցի, որ ավելի լավ է` անձնագիրը ստուգի, կնքի և մեզ թողնի ինքնաթիռ նստել», - պատմում է Շուքյուրովը:
Ըստ նրա` այդ պահին անձնագրերի ստուգման աշխատակիցն անմիջապես հատակին է գցել Ռահիփ Շուքյուրովի անձնագիրը, որն ադրբեջանցին նախապես ներկայացրել էր ստուգման համար: «Ես նրան ասում եմ` դու, ինչ է, Ադրբեջանի քաղաքացու անձնագիրը հատակի՞ն ես նետում: Դու նման կերպ Ադրբեջանի զինանշանի հանդեպ անարգանք ես ցույց տալիս: Նա դրան պատասխանեց, որ իր համար միևնույն է, որ ինքը թքած ունի մեր պետական անձնագրի և Ադրբեջանի վրա» - պատմում է Ռահիփը:
Ռահիփը շարունակում է պատմել. Ստամբուլի օդանավակայանի աշխատակիցը դուրս է վազել խցիկից, հանել է ծառայողական ատրճանակը և փորձել է նրա վրա ուղղել: Այդ պահին կատարվող քաոսին խառնվել են այլ սահմանապահներ և անվտանգության ծառայության աշխատակիցներ, ովքեր փորձել են հանգստացնել իրենց գործընկերոջը և թույլ չեն տվել զենք կիրառել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա