Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացած գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի ՌԴ-ից վերցրած վարկի մայր գումարը
Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացած գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի տնտեսական ճգնաժամի ժամանակ ՌԴ-ից վերցրած վարկի մայր գումարը` 440 մլն դոլար և տոկոսները: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նա նշեց, որ Եվրապարտատոմսերից ստացած 60 մլրդ դրամ էլ կհատկացվի ՀՀ կենտրոնական բանկին` փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, ինչը բարենպաստ միջավայր կստեղծի բիզնեսի համար: 3,9 մլրդ դրամ էլ կհատկացվի ՓՄՁ վարկային կազմակերպությանը` ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու համար, իսկ 29 մլրդ դրամն էլ կուղղվի պետական պարտքի կառավարման ռազմավարության փոփոխությանը: «Դա բարենպաստ միջավայր կստեղծի ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու համար»,-ընդգծեց նախարարը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով եվրապարտատոմսերի թողարկման գործընթացի շուրջ մի շարք գործիչների բացասական եզրակացություններին, նշեց, որ իրենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին, որը կօգնի այս գործընթացը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու համար:
Վարչապետի խոսքերով` տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ` «Դոյչե» բանկը, GP Morgan-ը և HSBC-ն: «Պարտատոմսերը կարողացել ենք տեղաբաշխել այս պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով»,- նշեց վարչապետը:
Ըստ Տ.Սարգսյանի` Արժույթի միջազգային հիմնադրամը ևս նշել է, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը չափազանց դրական ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն առաջին անգամ կարողացել է հայտնվել ներդրողների քարտեզի վրա: «100-ից ավելի ներդրողներ հետևելու են Հայաստանի շուկային»,- ասաց վարչապետը` հավելելով, որ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը բացառիկ հնարավորություն է միջոցներ ներգրավելու համար, ինչը ենթադրում է նաև համաշխարհային շուկայից ավելի ցածր տոկոսադրույքներով միջոցների ներգրավմանը:
Տ. Սարգսյանը հայտնեց նաև, որ այդ ամենը թույլ կտա, որպեսզի բիզնես վարկերի տոկոսադրույքները նվազեն:
Նշենք, որ Հայաստանը թողարկել էր 700 մլն դոլարի եվրապարտատոմս:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան