Մեր կեղտոտ սպիտակեղենը մենք պետք է լվանանք. Ռուբեն Հակոբյանը` Զարուհի Փոստանջյանի հարցի մասին (տեսանյութ)
Պատվիրակությունների կազմը ձևավորվում է Ազգային ժողովի նախագահի որոշմամբ, և պատվիրակության անդամին հեռացնելը նրա լիազորությունների շրջանակում է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից զրկելու մասին ԱԺ նախագահի որոշումը:
Հարցին, թե պարոն Հակոբյանը ողջունո՞ւմ է արդյոք Զարուհի Փոստանջյանի արարքը, պատգամավորը պատասխանեց. «Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում` որ ամբիոնում ինչպես օգտագործել իր լիազորությունները: Ես սպասում եմ Զարուհու վերադարձին, որովհետև ինչ-որ տեղ անհասկանալի պահեր կան, այնուհետև ես իմ գնահատականը կտամ»:
Ռուբեն Հակոբյանի խոսքով, Սերժ Սարգսյանին ուղղված Զարուհի Փոստանջյանի հարցի հիմնական մասում քաղաքական տարրը բացակայում էր, բայց ինքը նման հարց չէր տա, քանի որ «Եվրոպան ցույց է տվել, որ բոլոր տեսակի մեր թերությունները, հիմարությունները, սխալները, կեղծված ընտրությունները, «մարտի 1»-ը օգտագործել է, որպեսզի ճնշում գործադրի մեր պետության վրա»:
«Ինձ անհասկանալի է գավառական հայրենասիրության բարոյախրատական շքերթ, որ այսօր կա մամուլում: Իսկապես խայտառակություն է կատարվում հանրապետությունում, որովհետև խայտառակություն է, երբ հանրապետության մեկ երրորդը արտագաղթել է, ու այդ փախեփախի մտադրությունը չոքել է գրեթե բոլոր ընտանիքների առջև, խայտառակություն է, որ ամբողջ կոռուպցիան խեղդամահ է արել պետությունը: Այո, մենք ունենք չափազանց ծանր իրավիճակ, չափազանց կեղտոտ սպիտակեղեն, ու դրա դեմ մենք պետք է առնենք, դա մենք պետք է լվանանք», -հավելեց Հակոբյանը:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները