Խայտառակ փորձեցին անել իմ երկիրը. Վահան Հովհաննիսյանը` Փոստանջյանի մասին (տեսանյութ)
«Ես համաձայն եմ այն պարզ մտքի հետ, որ ազատությունը, Ձեր ազատությունը ձեռքերը թափահարելու, ավարտվում է իմ քթի մոտ: Հենց որ դուք վիրավորանք եք հասցնում, հենց որ դուք անհատական վիրավորանք եք հասցնում, ապա սա այլևս խոսքի ազատություն չէ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցը տվել է խոսքի ազատության համատեքստում:
Վահան Հովհաննիսյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է իշխանափոխությանն ուղղված պայքարին նպաստել սեփական երկրի նվաստացումն ուրիշ երկրներում: «Ես երբեք չեմ տեսել որևէ իտալացի պատգամավոր Բեռլուսկոնիին, որի վարքը հայտնի է բոլորին, նման հարցով դիմի միջազգային ատյանում: Ես նման բան չեմ տեսել, ես նման բան չեմ պատկերացնում, սա արդեն բոլորովին ուրիշ սահման անցնել է, որը ինձ համար ընդունելի չէ», -հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր դաշնակցականի խոսքով, Հայաստանին լուրջ վնաս է հասցվել ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին ուղղված Զարուհի Փոստանջյանի հարցով. «Մեր երկրին լուրջ վնաս հասցվեց, խայտառակ փորձեցին անել իմ երկիրը, որը անկախ թե ով է իշխանությունը, իմ երկիրն է: Մարդիկ չեն կարողանում տարբերազատել պետականությունն ու իշխանությունը: Իշխանությանը վիրավորանք, հարված հասցնելու համար ոտնատակ են տալիս նաև պետականությունը: Ես փորձելու եմ դրա բացասական հետևանքները չեզոքացնել», -հավելեց պատգամավորը: