Հրապարակվել է «Արևորդի» փառատոնի միջոցառումների ժամանակացույցը
Շրջակա միջավայրի պահպանման և դրա խնդիրների վերաբերյալ իրազեկումը պետք երեխաների դաստիարակության անբաժանելի մաս լինի: Յուրաքանչյուր մարդ վաղ տարիքից պետք է հասկանա, որ Երկիր մոլորակը մարդկության ընդհանուր տունն է, և այդ տանն ապրող ամեն ոք ունի իր պարտականությունները և պատասխանատվության իր չափը` այդ տունը մաքուր և ապահով պահելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` խոսելով «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի մասին, որն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի, կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող խնդիրների վրա, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը` Հայաստանի կենսաբազմազանության և դրա պահպանման կարևորության վերաբերյալ:
Ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, փառատոնի 2013թ.-ի ծրագիրն ընդգրկում է միջազգային բնապահպանական մանկական ֆիլմերի մրցույթ, բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումներ և հանրային միջոցառումներ: «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնն այս տարի կներկայանա նոր սկզբունքով, այն է՝ ավելացնել մասնակիցների թիվը՝ նվազեցնելով բնապահպանական խնդիրները: Այս ամենը հնարավոր կլինի իրականացնել փառատոնի առցանց կազմակերպման միջոցով, որի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն հայաստանյան հեռուստաալիքներով, համացանցով: Դրանք կուղեկցվեն հանրային ակտիվ քննարկումներով:
Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի այս տարվա ծրագիրը ևս հայ հանդիսատեսի դատին կներկայացնի վավերագրական ֆիլմերի լավագույն ընտրանի` նվիրված կենդանիներին և բնապահպանական խնդիրներին: Աշխարհի տարբեր երկրներից ընտրված շուրջ 30 ֆիլմ կհեռարձակվի հայկական տարբեր հեռուստաալիքներով և առցանց:
«Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի գործընկերների թվում են «Շողակաթ», «Արմնյուզ» հեռուստաալիքները և «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաալիքը: Ֆիլմերը կցուցադրվեն 2013թ.-ի հոկտեմբերի 18-ից մինչև 27-ը:
Հայաստանի բնապահպանական խնդիրներին, մասնավորապես`աղբի վերամշակմանն ու վայրի բնության պահպանությանն անդրադարձող փառատոնի ֆիլմերը կուղեկցվեն հանրային քննարկումներով: Դրանց կմասնակցեն գիտնականներ, բնապահպաններ, քաղաքացիական-հասարակական ակտիվիստներ և այլն:
Փառատոնի շրջանակներում կիրականացվի նաև հիմնական 3 միջոցառում՝ նկարչական օր, մրցանակների հանձնման արարողություն և կենդանիների դիմակահանդես-շքերթ: Գործընկերների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ համատեղ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 25-ին բոլորին հրավիրում է FPWC-ի «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»՝ մասնակցելու Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի բացման արարողությանը, որը կուղեկցվի խորհրդանշական ծառատունկով:
«Արևորդի» փառատոնի միջոցառումների ժամանակացույց.
Հոկտեմբերի 6
6-րդ Նկարչական Օր և Երևանի կենդանաբանական այգու 72-ամյակին նվիրված տոնակատարություններ
Հոկտեմբերի 18
Մանկական ֆիլմերի մրցանակների հանձնման արարողություն
Ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում
Հոկտեմբերի 25
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում «Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնի» բացման արարողություն և ծառատունկ (Արարատի մարզի Ուրցաձոր համայնք)
Ֆիլմի ցուցադրություն և քննարկում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում
Հոկտեմբերի 26
«Կոնֆուսաո» սամբա խմբի բացօթյա համերգը Սիրահարների այգում
Հոկտեմբերի 27
Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևան քաղաքի փողոցներով, որը կուղեկցվի «Կոնֆուսաո» սամբա խմբի համերգով՝ Երևանի կենդանաբանական այգում: