«Հայաստան» հիմնադրամը Խաչարձանում բուժկետ է կառուցում
Արգենտինայի տեղական մարմնի (բարերար` Կալչիյանների ընտանիք) հավաքագրած միջոցներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում կառուցում է բուժկետ:
Հիմնադրամի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նորակառույցում կգործի նաև միջոցառումների սրահ, որը կծառայի համայնքի ամենատարբեր նպատակներին: Կառույցը նախատեսվում է գործարկել տարեվերջին. ընթացքում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքները:
«Սա մեծ ձեռքբերում է գյուղի համար: Բնակիչներն այսուհետ կսպասարկվեն բարվոք պայմաններում և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն»- ասում է համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղի խնդիրների մասին խոսելիս` գյուղապետը նշել է, որ խմելու ջրի հարցը հրատապ լուծում է պահանջում:
Այսօր գյուղի շուրջ 400 բնակիչների զգալի մասը փախստականներ են, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի: