Ամեն ինչի հիմքում ուսուցիչն է, այն մարդը, որն այսօր արժանի է ամենաջերմ խոսքեր լսելուն. ԿԳ նախարար
Ուսուցչի գործը սուրբ է, ասում է Վահան Թեքեյանի անվան համար 92 դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սվետլանա Բրուտյանը, ով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պարգև ստացավ: «Շատ գեղեցիկ զգացողություններ ունենք: Կարևոր է, որ գնահատվում ենք: Անում ենք նվիրվածությամբ: Բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ ուժ, եռանդ, ավյուն, որ պատվով կատարեն իրենց գործը»,- Panorama.am-ին ասաց ուսուցչուհին:
«Ոսուցիչը միշտ էլ իր դերն է ունեցել հասարակության մեջ, առանց ուսուցչի մյուս մասնագիտությունները չէին լինի` Մաշտոցից սկսած, մինչև այսօրվա նորաթուխ ուսուցիչները: «Մեծ հպարտություն ենք ապրում: Այսօր կառավարությունը հիշում է, ուսուցչի տոնը նշվում է, և եթե աշխարհի երախտագիտությունը դնենք կշեռքի նժարին, ապա ծնողից հետո ուսուցչինն է»,- նկատեց Արմավիրի մարզի Լուկաշինի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Անահիտ Հովհաննիսյանը:
Այսօր ուսուցիչների տոնին ընդառաջ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել էր ընդունելություն, նախարարը հանրապետության լավագույն մանկավարժներին շնորհեց ԿԳՆ պարգևներ: Պարգևատրվեցին նաև «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթած մանկավարժները:
Գեղարքունիքի մարզի լավագույն տնօրեն ճանաչված Երանոս գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Սաշա Բալեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հպարտ է, որ աշխատում է մի բնագավառում, որը մեծ նշանակություն ունի հասարակության և պետության զարգացման համար: «Մեր դպրոցում 311 աշակերտ է սովորում, 29 մանկավարժ ունենք: Դպրոցը լավ ավանդույթներ ունի և հետամուտ է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին»,- ասաց նա:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ընդգծեց, որ ուսուցիչները տարվա մեջ 364 ճառագում են, էներգիա են տալիս, և քիչ է, որ ընդամենը մեկ կամ մի քանի օր են քաղաքացիները փորձում փոխհատուցել այդ ամենը: «Այս տարիների ընթացքում հայ մանկավարժն է իր վրա կրել կրթության զարգացման հիմնական բեռը: Մանկավարժն է եղել պետության ստեղծման շարժիչ ուժերից մեկը: Դուք եք 22 տարիների ընթացքում մեծ կյանք բաց թողել սերունդեր, որոնց ուսին է ընկել հասարակություն, պետություն, գիտություն, մշակույթ զարգացնելու ծանր առաքելությունը: Ամեն ինչի հիմքում ուսուցիչն է, այն մարդը, որն այսօր արժանի է ամենաջերմ խոսքեր լսելուն»,- ասաց նախարարը:
Նա մարդկանց կոչ արեց գոնե այս օրերն օգտագործել իրենց ուսուցիչներին սովորական շնորհակալություն ասելու համար: «Մենք կարող ենք խոսել նրա մասին, որ թեպետ աշխատավարձերը տարեցտարի բարձրանում են, այնուհանդերձ դա բավարար չէ, կարող ենք խոսել կրթական բարեփոխումների դժվարությունների ու ծանրության մասին, այսօր այդ օրը չէ: Ջերմությունը, շնորհակալությունը, երախտիքը մանկավարժի համար նույնքան կարևոր են, որքան իր կեցաղային պայմանները բարելավելու կառավարության ջանքերը»,- ասաց նախարարը և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ումից ինչ-որ բան սովորել է: Նախարարը պարգևներ հանձնեց, իր խոսքով, 40 հազար հայ մանկավարժական բանակի մի քանի տասնյակ ներկայացուցիչներին:
Նշենք, որ նախարարությունը կազմակերպել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները, որոնց մասնակցել է 38 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Հաղթողների անունները կհրապարակվեն վաղը: Նրանք կպարգևատրվեն ՀՀ վարչապետի կողմից, իսկ վաստակաշատ մանկավարժները կստանան ՀՀ վարչապետի հուշամեդալ և շնորհակալագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները