Ռուս քաղաքագետ. Եթե ՀՀ-ն դառնար ԵՄ ասոցացված անդամ, ապա հնարավոր չէր լինի պահպանել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը
Մաքսային Միությանը` Հայաստանի անդամակցելու որոշման վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է «Alte et Certe» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի հետ: Վերջինս գնահատեց Հայաստանի ընտրությունը որպես «իրականության վերադարձ»` պնդելով, որ եթե Հայաստանը դառնար ԵՄ-ի ասոցացված անդամ, ապա հնարավոր չէր լինի պահպանել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը:
Անդրադառնալով Մաքսային Միության օգտին Հայաստանի ընտրության դրդապատճառներին` Ա. Եպիֆանցևը նշեց, որ Հայաստանի դեպքում առկա է քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմավարական և տնտեսական պատճառների համադրություն և առանձնացնել դրանցից մեկը ուղղակի անհնար է:
Վերջինս չհամաձայնվեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի այն շեշտադրման հետ, թե Մաքսային Միության և Եվրամիության պայքարում հաղթեց ՀԱՊԿ-ը: Եպիֆանցևի կարծիքով, այստեղ խոսքը չի գնում միայն ռազմավարական կամ ռազմական համագործակցության մասին:
Նա նաև քննադատեց երկու իրարարամերժ ինտեգրացիոն գործընթացները համատեղել փորձող հայաստանցի քաղաքական գործիչներին և փորձագետներին`նշելով, որ հենց սկզբից սխալ է կարծել, որ հնարավոր կլինի միաժամանակ նստել երկու աթոռներին: Այնուհանդերձ, բանախոսը հավելեց, որ եթե դա ստացվեր, ապա դեպքերի նման զարգացումը կլիներ Հայաստանի համար առավել շահավետ:
Եպիֆանցևը նաև անհամաձայնություն հայտնեց այն տեսակետի հետ, թե Ռուսաստանը չէր թողնի Հայաստանը` կայսերապաշտական նկրտումներից ելնելով, քանի որ, կորցնելով Հայաստանը`ՌԴ-ը կկորցներ նաև իր ազդեցությունը Կովկասում:
«Եթե բարձրացվեր Հայաստանի`տնտեսապես և քաղաքականապես դեպի Եվրոպա գնալու հարցը, ապա ի՞նչ կմնար ՌԴ-ին Հարավային Կովկասում`միայն Հայաստանի նկատմամբ պարտավորություննե՞րը: Այդ դեպքում ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին որևէ խոսք լիներ չէր կարող: ՌԴ-ը չի պաշտպանում ԵՄ ասոցացված ոչ մի անդամի»,-նշեց Ա. Եպիֆանցևը:
Այս համատեքստում փորձագետը ընդգծեց այն իրողությունը, որ ՌԴ-ը և ԵՄ-ը հանդիսանում են մրցակիցներ և բերեց կշեռքի օրինակը: Մեծ երկրները և միավորումները նա ներկայացրեց որպես մեծ կշռաքարեր` կշեռքի տարբեր նժարների վրա, իսկ փոքր երկրները` որպես փոքր կշռաքարեր:
«Մեծ երկրի խնդիրը փոքր կշռաքարերը իր կողմը հավաքելն է և դրա համար նա պատրաստ է վճարել: Երբ Հայաստանը ասում է, «ես կգնամ կշեռքի մյուս նժարին, բայց ՌԴ-ը պետք է համարի, որ ես գտնվում եմ կշեռքի նրա նժարին և պետք է օգնի ինձ», ապա այդպես չի լինում…ԵՄ-ի հետ այդ պայմանագիրը վերջին հաշվով կհանգեցներ նրան, որ Հայաստանը կդադարեր լինել ՌԴ-ի գործընկերը այն պատճառով որ, ինքնիշխանության այն մասը, որը Հայաստանը կփոխանցեր ԵՄ-ին կբերեր նրան, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի հետ հնարավոր չէր լինի խոսել: Դրա պատճառն այն է, որ Հայաստանը իրավասու չէր լինի որոշումներ կայացնել: Անհրաժեշտություն կառաջանար գնալ Բրյուսել և այնտեղ խոսել: Դա արդեն ռազմավարական դաշնակից չէ»,-մանրամասնեց Ա. Եպիֆանցևը:
Ինչ վերաբերվում է ՌԴ-ի կողմից հարցը վերջին պահին կտրուկ դնելուն, ապա Եպիֆանցևը ընդունեց, որ դա մասամբ ռուս դիվանագետների և փորձագետների մեղքն է: Նա նշեց, որ վերջիններս ինչպես հարկն է չեն նախազգուշացրել Հայաստանին տվյալ տարբերակի անհնարինության մասին և սկսեցին խոսել դրա մասին միայն այն ժամանակ, երբ ԵՄ-ի հետ գործընթացը մոտենում էր ավարտին:
«Օրինակ` դեսպան Կովալենկոյի մոտ չկար սույն հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում և նա թույլ տվեց, որ հայերը վստահ լինեն, որ դա կարելի է անել և հասնեն գործնականում այդ ճանապարհի վերջին»,-նշեց Ա. Եպիֆանցևը:
Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ կարող է ստանալ Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու շնորհիվ, Եպիֆանցևը չտվեց լավատեսական պատասխան: «Իմ կարծիքով, եթե ոչինչ չփոխվի, ապա դա կլինի մեծ ձեռքբերում: Ավելիին սպասել այս պահին պետք չէ»,-նշեց Ա. Եպիֆանցևը:
Նրա կարծիքով, հարցը պետք է դնել ոչ այն տեսանկյունից, թե Հայաստանը կստանա ինչ-որ բան, այլ այն, որ Հայաստանը ոչինչ չի կորցնի`կատարելով այդ ընտրությունը: Նրա համոզմամբ, Հայաստանը հակառակ դեպքում շատ բան կկորցներ:
Որպես ԵՄ ասոցացված անդամի` Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառեր շուկայական գներով, այսինքն` 50%-ով ավելի թանկ, քան հիմա, կփակեր սահմանը, այն է` կսահմաներ նոր մաքսային արգելքներ, ինչն իր հերթին կազդեր դրամական փոխանցումների, հայ ներգաղթյալների և բազմաթիվ այլ հարցերի վրա: Վերջինիս խոսքերով` ամենակարևորն այն է, որ Հայաստանը կկորցներ Ռուսաստանի պաշտպանությունը, ռուսաստանյան բազան, ինչպես նաև Ղարաբաղը` այն պատճառով, որ չէր կարողանա պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ առանց Ռուսաստանի:
Հարցին` եթե Ռուսաստանը այդպիսի պայմաններ է դրել, ապա Հայաստանի իշխանություններին ընտրություն չի՞ թողել և դա փաստացի եղել է վերջնագի՞ր Ռուսաստանի կողմից, Եպիֆանցևը պատասխանեց. «Քաղաքականապես ոչ կոռեկտ, սակայն ճշմարիտ խոսելու դեպքում այո, դա կարելի է գնահատել որպես վերջնագիր: Վերցրեք Վրաստանի օրինակը, ինչու Ռուսաստանը դեմ չի արտահայտվում ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը: Նա չի կարծում, որ այդ փոքր կշռաքարը իր կողմում է: Դեռ ավելին, Ռուսաստանը չի տալիս Վրաստանին այն, ինչ տալիս է Հայաստանին. Ռուսաստանը չի պաշտպանում Վրաստանին, դոտացիաներ չի տալիս վրացական տնտեսութանը և այլն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի քայլերի կդիմի Ռուսաստանը Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում, Եպիֆանցևը նշեց, որ Գյումրիում ռուսական զորքերը կատարում են երկու խնդիր. առաջինը` Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում Թուրքիան մեջքից չհարվածի Հայաստանին, և երկրորդ` որպեսզի Ադրբեջանը գայթակղություն չունենա ռազմական գործողությունները տեղափոխել Հայաստանի տարածք:
«Այդ երկրորդ կետը կարևոր է, քանի որ Ղարաբաղը ինքն իրենով շատ փոքր տարածք է, ինժեներային իմաստով շատ լավ է կառուցված, շատ դժվար կլինի այնտեղ հարձակման դիմել, իսկ Ադրբեջանի առավելություններից մեկը բանակի թվաքանակն է: Բանը նրանում է, որ փոքր տարածքի վրա չի կարելի ուղղել մեծ քանակության զորքեր, և թվային առավելությունը այդ իմաստով հավասարվում է: Ռուսաստանն իր հերթին դիվանագիտական ճանապարհով կփորձի դադարեցնել պատերազմը: Ընդհանրապես կարծում եմ, որ առանց բլիցկրիգի այդ պատերազմում հնարավոր չէ հաղթել, իսկ այնտեղ դա հնարավոր չէ. Ադրբեջանին պարզապես չեն թողնի երկար պատերազմել: Ղարաբաղի հարցում Ռուսաստանը երաշխիքներ այժմ չի կարող տալ, ռիսկը չափազանց մեծ է, սակայն պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի հնարավորությունները հավասարվեն»,- ասաց Եպիֆանցևը:
Կարդացեք նաև`
Արիֆ Յունուս. Ադրբեջանի նախագահի թեկնածուները տարբեր կարծիքներ ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում