Թափառող կենդանիները Երևանում պակասել են. Ա. Հունանյան
«Թափառող կենդանիների խնդիրն ամբողջ աշխարհում համարվում է լուրջ խնդիրներից մեկը: Դեռևս չկա աշխարհում որևէ մի երկիր, որտեղ հարցը լիարժեք լուծված է»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ նման դիտարկում արեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը: Ըստ նրա, Անգլիայում փողոցային կենդանիների վնասվազերծման աշխատանքներով սկսել են զբաղվել 1822 թ., սակայն այնտեղ էլ այդ հարցը հիմնովին լուծված չէ:
Նշենք, որ հոկտեմբերի 4-ը նշվում է որպես Կենդանիների համաշխարհային օր:
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, թափառող կենդանիները Երևանում պակասել են: Միաժամանակ նա համեմատության համար նշեց, որ Մոսկվայում մեկ շան հաշվով ծախսվում է որսալու, ստերիլիզացնելու, կացարաններում պահելու համար 299 անգամ ավելի գումար, քան Երևանում:
«Ի սկզբանե մասնագետների, ռազմավարական ծրագրի իսպառ բացակայության պարագայում հնարավոր չէ խնդիրը լուծել,- դիտարկում արեց ասուլիսին ներկա «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, ապա շարունակեց,- եթե անգամ ամենամարդասիրական ձևով կենդանիների զանգվածային ոչնչացումը գերակշռում է 2 անգամ նրանց ստերջացմանը, հնարավոր չէ հասնել որևէ արդյունքի»:
«Դինգո թիմ» ՀԿ-ի անդամ Ալին Գոյանի խոսքով, իրենք սեփական միջոցներով կարողանում են ամլացնել ամսվա կտրվածքով 50 կենդանի. մեկ ամսվա կտրվածքով որդեգրման են տալիս ավել քան 50 կենդանի. «Մեր բնակչությունը որդեգրում է ոչ միայն լիարժեք առողջ ձագուկների, այլև առողջական որոշակի խնդիրներ ունեցող շները ևս չեն մնում դրսում և մտնում են ընտանիքներ»: