Թվացյալ վտանգ կամ Իրանի միջուկային կարողությունները չափազանցված են. «Newsweek»-ի անդրադարձը
«Անթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում` Դիք Չեյնին և Ջոն Մաքքեյնը, հավաստիացնում են, որ ԱՄՆ-ը պետք է հարվածի Իրանին` վերջ տալու վերջինիս միջուկային հավակնություններից: Բայց ի՞նչ, եթե սա ուղղակի հիստերիա է, որի մռայլ կանխատեսումներն արված են կասկածների, ենթադրությունների և շատ աղքատիկ փաստերի վրա»,-ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին գրել է ամերիկյան «Newsweek» պարբերականը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշակի կրճատումներով:
«Ամենամոլի հոռետեսներից է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, որ պնդում է, թե Ռոհանին խաբում է Օբամային: «Վստահ ենք, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում Իրանն ի վիճակի կլինի միայնակ մշակել և ստեղծել ատոմային ռումբ` առանց արտասահմանից տեխնոլոգիաների կամ նյութերի ներկրման: Այս վտանգն արմատախիլ պետք է անի միջազգային ճակատը` ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Նեթանյահուն 18 տարի առաջ` 1995թ.-ին: Մինչդեռ, ԱՄՆ Ռազմական քոլեջի դասախոս Քրիստոֆեր Ջ. Բոլենն ասում է, որ Իրանը ԱՄՆ-ի կենսական հետաքրքրությունների համար վտանգ չի ներկայացնում և մտադիր չէ միջուկային զենք ստեղծել:
Որոշ արևտյան «բազեներ» վստահեցնում են, որ Իրանի դեպքում կիրառելի չեն տրամաբանական կանխատեսումները, քանի որ երկիրը խելագարներն են ղեկավարում: ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի դասախոս Գոդաթ Բահգաթը հակադարձում է. «Նրանք ռացիոնալ են դատում. հասկանում են, որ ռումբի ստեղծումն իրենց լավագույն հետաքրքրությունը չէ»:
Ամերիկացի հրամանատարների կարծիքով Իսրայելն իրանական ագրեսիայից վախենալու կարիք չունի. «Իրանի ղեկավարությունը գիտի, որ Իսրայելի վրա հարձակումը կնշանակի սեփական երկրի ոչնչացում արևտյան զորքերի կողմից»: Իրանը բարձր հարստացված ուրան առհասարակ չունի, միայն ցածր հարստացված ուրան է արտադրում քաղաքացիական ծրագրերի համար:
Թեհրանը գուշակում է. Արևմուտքն իրո՞ք մտահոգված է միջուկային զենքով, թե՞ ուզում է Իրանի ռեժիմը վերացնել: Երկրի ղեկավարությունը կարծում է, եթե միանշանակ վստահեցնի, որ զենք չի արտադրելու, անպաշտպան կմնա հնարավոր հարձակման դեպքում, իսկ եթե արտադրի միջուկային զենք, կարժանանա ԱՄՆ բանակի հզոր հարվածին: Իսկ որ ավելի վատ է, հարվածն ընդամենը կդանդաղեցնի ռումբի ստեղծումը, և կամրապնդի Իրանի ծայրահեղականների մոտեցումը:
Այդ իսկ պատճառով, ինչպես նշում են փորձագետները, լավագուն տարբերակն Իրանի հետ բանակցություններն են: Բահգաթի կարծիքով` երկխոսությունը կարելի է ավարտին հասցնել 3 ամսում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա