Չնայած ադրբեջանցիների կատաղի դիմադրությանը ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ն.Զոհրաբյանի առաջարկին. այն ընդունվել է
Նախօրեին երեկոյան ԵԽԽՎ-ում քննարկվել է ռազմական կոնֆլիկտների ժամանակ անհայտ կորածներին հայտնաբերելու մասին հարցը, որի շրջանակում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել, որն ավարտվել է ադրբեջանական պատվիրակության անդամների հետ բանավեճով: Ելույթում, մասնավորապես, Ն.Զոհրաբյանը հնչեցրել է այն մասին, որ զգայուն այդ թեման առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց, ընտանիքների և որ մի շարք զինված հակամարտությունների հետևանքով այսօր Եվրոպայում կան շուրջ 20.000 անհայտ կորածներ, և այդ խնդիրը շարունակում է օրակարգային մնալ ԵԽ անդամ մի շարք երկրներում.
«Մեկ բան աներկբա է՝ անհայտ կորած անձանց ընտանիքներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, թե ի՞նչ է կատարվել իրենց մերձավորների հետ, և, այո, ընտանիքներին պետք է մշտապես տեղեկացնել բոլոր կատարվող քայլերի մասին»,- ընդգծել է պատգամավորը:
Ն.Զոհրաբյանը շեշտել է. «բազմիցս եմ զրուցել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղից անհայտ կորած երիտասարդների մայրերի ու երեխաների հետ, բայց կդժվարանա ԵԽԽՎ ամբիոնից իր գործընկերներին ներկայացնել այն ապրումները, որ ունեն անհայտ կորածների ծնողները, կանայք ու երեխաները: Դռան ամեն թակոց նրանց համար հույս է, ամեն զանգ նրանց համար հավատ է, որ իրենց զավակը վերադառնալու է տուն։ Ու հիմա այստեղ, այս դահլիճում մենք կրկին լսեցինք, թե ինչպես Ադրբեջանի պատվիրակը հերթական անգամ խեղաթյուրեց փաստերն ու հերթական անգամ այս դահլիճում հնչեց ադրբեջանական սուտն ու կեղծիքը։ Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ խորհրդարանականներս ու ազգային կառավարությունները՝ մեր գործընկեր Ջիմ Շերիդանի զեկույցում բարձրացված կարևորագույն հարցերի մարդասիրական պատասխաններն ու լուծումները գտնելու համար։ Իրավացի է զեկույցի հեղինակը նշելով, որ անհայտ կորածներին հայտնաբերելու հարցում անչափ կարևոր է համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը նաև դե ֆակտո իշխանությունների հետ։ Սա եղել է մեր առաջարկը և ես շնորհակալ եմ հեղինակից, որ նա ընդունել է մեր առաջարկն ու այն ներառել զեկույցում։ Սա իրապես առանցքային հարց է, ուստի պետք է մշակել առավել ճկուն մեխանիզմներ՝ փաստացի իշխանությունների հետ արդյունավետ աշխատելու համար։ Ես ողջունում եմ այս կարևոր արձանագրումը զեկույցում, քանզի բոլորիս նպատակը մեկը պետք է լինի, անել հնարավորը՝ անհայտ կորածներին հայտնաբերելու համար։ Հավատացեք, փոխգործակցությունը դե ֆակտո իշխանությունների հետ այս լրջագույն խնդրի լուծման մարդասիրական ճանապարհներից մեկն է, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ զինված հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների խնդրի լուծումը կենսական նշանակություն ունի եվրոպական մայրցամաքում խաղաղություն հաստատելու համար»,- ընդգծել է Ն.Զոհրաբյանը:
Panorama.am-ի հետ զրույցում Ն.Զոհրաբյանը Ստրասբուրգից փոխանցեց, որ իր առաջարկն այն մասին, որ կողմերը պարտավոր են համագործակցել դե ֆակտո իշխանությունների հետ արժանացել է ադրբեջանցիների ուղղակի կատաղի դիմադրությանը. «Չնայած դրան իմ այդ առաջարկը ընդունվեց և Վեհաժողովը կողմ քվեարկեց։ Դա արդեն ներառվեց զեկույցում»,- տեղեկացրեց Ն.Զոբրաբյանն ու հավելեց` իրականում դա շատ լուրջ հարց է ` ֆիքսվեց դե ֆակտո իշխանությունների հետ սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը։