Կրեմլը ցավում է, որ Օբամա-Պուտին հանդիպումը չի կայանա
Մոսկվան ափսոսում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը չի կայանա Ինդոնեզիայում անցկացվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Ցավում ենք, որ հանդիպումը չի կայանա, քանի որ միջազգային հարցերի շուրջ երկխոսության շարունակության մեծ անհրաժեշտություն կա: Սակայն հասկանում ենք, թե ինչ դրություն է ԱՄՆ-ում: Հուսով ենք, որ այն կշտկվի»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին:
Հարցին, թե «գագաթաժողովի շրջանակներում Պուտինը կհանդիպի՞ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին», Պեսկովը պատասխանել է, որ Լավրովը, հավանաբար, կհանդիպի:
Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ Ինդոնեզիայում անկացվող գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Օբամա-Պուտին երկկողմ հանդիպում: ԶԼՄ-ները հայտնում են, որ Օբաման այսօր չեղյալ է համարել Ինդոնեզիա և Բրյունեյ ծրագրված այցերը` բյուջեի հետ կապված խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ բյուջեի նախագծի շուրջ փոխզիջման բացակայության պատճառով, հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում փակվել է պետական հիմնարկների մեծամասնությունը, և արձակուրդ են ուղարկվել հարյուր հազարավոր քաղծառայողներ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով