«Ավելի ցածրացնե՞ն». Օրենքի նախագիծ, որով ՆՈՒՀ-երի մանկավարժների աշխատավարձը կարող է նվազել
Կառավարությունը ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթներ, որոնցում կա նաև «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է ««Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել»:
Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից»:
Այժմ նվազագույն աշխատավարձը 45 000 հազար դրամ է: Այս պահին հարակից օրենքներ ներկայացված չեն, և եթե միայն այս նախագիծը հաշվի առնենք, ապա ստացվում է, եթե հոդվածը ուժը կորցրած ճանաչվի, հնարավորություն կընձեռի, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների աշխատավարձը սահմանվի 90 հազարից ցածր:
Նկատենք, որ նախկինում նվազագույն աշխատավարձի չափը 35 000 դրամ էր, և այս օրենքով մանկավարժների աշխատավարձը չէր կարող ցածր լինել 70 հազար դրամից:
Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ նախագիծն իրենց մոտ քննարկման դեռ չի դրվել և, հավանաբար, կներկայացվի հաջորդ քառօրյայից առաջ: Նա նշեց, որ այս պահին դրա վերաբերյալ կարծիք հայտնել չի կարող, բայց նման օրինագիծ ներկայացնելը պետք է որ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված լինի:
Թիվ 11 մանկապարտեզի դաստիարակներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում, լսելով այն մասին, որ իրենց աշխատավարձը կարող է և ավելի ցածր լինել, եթե ընդունվի նման նախագիծ, ասաց. «Ավելի ցածրացնե՞ն: Չեմ կարող պատկերացնել, եթե համարում են, որ ցածրացնելով կարող ենք ավելի լավ ապրել, թող ցածրացնեն: Միգուցե՞ այդ դեպքում սպառողական ապրանքների գներն էլ ցածրացնեն»:
Թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Էլյա Գալստյանը նկատեց, որ իրենց աշխատավարձն արդեն ցածր է: «Հիմա 70 հազար ենք ստանում` աշխատելով ժամը 8 անց կեսից մինչև 6-ը: Դայակներինն ավելի ցածր է: Եթե ընդունեն այդ օրենքը, քիչ կլինի, մենք կդժգոհենք, բայց պիտի շարունակենք աշխատել, որովհետև այլընտրանք չկա: Եթե դուրս գանք, մեր բնագավառում էլ գործ էլ չենք գտնի»,- ասաց նա: