Բաքուն սպառնում է, Երևանը` զգուշացնում
ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթն ու դրան հետևած հարցուպատասխանի ժամանակ հնչած մեկնաբանություններն Ադրբեջանում ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել»: Պաշտոնական Բաքվին հատկապես հունից հանել է նախագահի այն միտքը, թե՝ պետք չէ հայկական կողմին սպառնալ ռազմական գործողությունների վերսկսմամբ, ապա հետո բողոքել կորուստներից:
Հայաստանը մեկ անգամ չէ, որ պաշտոնական մակարդակով հայտարարել է, թե մեր երկիրը պատերազմ չի ցանկանում, ինչը չի նշանակում, որ մենք վախենում ենք պարտվելուց: Ամենևին, բանն այն է, որ Հայաստանում կա գիտակցում այն մասին, որ պատերազմը խնդիր չի լուծելու, այն միայն ցավ ու տառապանք բերելու երկու ժողովուրդներին:
Ավելին, Հայաստանը Ադրբեջանին բազմիցս զգուշացրել է, որ հնարավոր արկածախնդրության դեպքում, հայկական զորքերը ոչ միայն հետ կմղեն հակառակորդին, այլ պատերազմը կտեղափոխեն հակառակորդի տարածք:
Ադրբեջանի կողմից հետևած արձագանքը, որն արտահայտվեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևի շուրթերից, չի կարող ընկալելի լինել միջազգային հանրության կողմից հենց միայն այն պատճառով, որ այդ երկրում «սպառնալիք» և «զգուշացում» բառերն իմաստային առումով միմյանցից չեն տարբերում (կամ տարբերելով դիտավորյալ խեղաթյուրում են):
Է. Աբդուլլաևը հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանը միջազգային հանրության առաջ նորից խոստովանեց, որ ագրեսոր երկրի ղեկավար է և իր հայտարարություններով սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»:
Ո՞վ է իրականում ագրեսոր. այս հարցի պատասխանը միջազգային հանրությունն արդեն իսկ ստացել է: Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հայտարարություններով ու դրան հետևած գործողություններով են ապացուցել, իսկ միջազգային հանրությունը համոզվել, թե իրականում ո՞վ է ձգտում խաղաղության, իսկ ով՝ պատերազմի:
Ագրեսոր է նա ով զգուշացնում է, որ հնարավոր սպառնալիքի դեպքում կպաշտպանվի՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությո՞ւնը, իսկ խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով, թե՞ այն պետությունը, ով գրեթե ամեն օր խոսում է պատերազմի վերսկսման մասին՝ իր ժողովրդին պատրաստելով պատերազմին:
Այդ երբվանից է, սպառազինության մրցավազք հրահրող, դիվերսիոն գործողություններ իրականացնող, քաղաքացիական անձանց վրա կրակ բացող, խաղաղ պայմաններում հայ սպային կացնահարողին հերոսացնող պետությունը դասվել «խաղարասերների», իսկ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման մասին ամեն օր հայտարարող պետությունը՝ «ագրեսորների» դասին:
Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է ապացուցել, որ ունի քաղաքական կամք՝ բանակցային գործընթացին մոտենալու կառուցողական դիրքերից, ապա սպառնալիքի և թշնամանքի բառապաշարը մի կողմ թողնելով, պետք է իր մոտեցումներով ապացուցի հիմնախնդրի արդարացի լուծման հարցում նվիրվածություն:
Իսկ դրա ամենակարևոր քայլը միջնորդների կողմից ներկայացված վստահության միջոցների հաստատմանն ուղղված քայլերն են՝ առաջնային գծից դիպուկահարների դուրս բերում և շփման գծում տեղի ունեցող մեխանիզմների ներդրում, առանց որի՝ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը հարցին մոտենում է այն գիտակցմամբ, որ այս հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան