Կարիերայի աճը Հայաստանով չի կարող սահմանափակվել. Վահրամ Ավանեսյանը` ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների արտահոսքի մասին
Վերջին հինգ տարիներին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ հաջողություններ են գրանցվում, իսկ ոլորտի զարգացման համար գլխավոր նախապայմանը խելացի կադրերն են: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` հավելելով, որ ոլորտում արձանագրվող աճը տեղի է ունենում նաև գործարար միջավայրի բարելավման պայմաններում:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ՏՏ ոլորտի մասնագետները իրենց գործունեությունը ծավալում այլ երկրներում և արդյոք քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն երիտասարդ կադրերի արտահոսքը, Վ.Ավանեսյանը նշեց, որ մասնագետների գնալը պետք չէ դժբախտություն համարել, քանի որ այս շուկան գլոբալ շուկա է, ուստի լավ մասնագետը միշտ էլ փորձում է աճել և հաջողություններ ունենալ նաև համաշխարհային շուկայում: «Հետագայում նրանք դառնում են խոշորագույն ընկերությունների առաջատար ինժեներներ, մենեջերներ, դրանից մենք պետք է ոչ միայն պարծենանք, այլ նաև օգտվենք»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Նրա խոսքերով` սա նաև նշանակում է, որ միջազգային ընկերություններում աշխատող հայ մասնագետները ապագայում իրենց մասնակցությունն են ունենալու երկրի ՏՏ ոլորտի զարգացման, ինչպես նաև երիտասարդներին կրթելու գործում: «ՏՏ ոլորտը տարեկան 700-1000 մասնագետի կարիք ունի, ակնհայտ է, որ մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որպեսզի ոլորտում ներդրումներն ավելանան, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններում: Սա նշանակում է, որ մեր երիտասարդները կունենան բարձր վարձատրվող աշխատանք և մասնագիտական աճի հնարավորություններ: Պետք է համակերպվենք, որ կարիերայի աճը Հայաստանով չի կարող սահմանափակվել»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան