Արցախցի մի քանի ուսուցիչներ արժանացել են վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի օրվա առթիվ` մաղթելով մաղթում խաղաղություն, առողջություն ու մեծագույն հաջողություններ:
«Սիրելի ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, իսկապես համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում` որպես խորին հարգանքի դրսևորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:
Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Դա մի դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարևոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, և այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին` նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ, թանկագին ուսուցիչներ:
Վստահ եղեք, ձեր խնդիրները միշտ գտնվում են ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն ու գիտությունը հանդիսանում է մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին»,-ասված է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած ուղերձում:
Ուսուցչի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է նաև հրամանագիր, համաձայն որի՝ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.
ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սաշա Ավանեսյանին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժորա Մարգարյանին և Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն
Անահիտ Պողոսյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան