Արվեստագետը` անկախության օրվա համերգի մասին. Այդ տոնին պետք է հպարտության զգացողություն լինի, ոչ թե` քեֆի
Եթե մեր կյանքը մշակութային չէ, մեր գործողությունները երբեք բարոյական չեն լինի, ասում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:
«Լրացավ Արամ Խաչատրյանի 110 ամյակը: Ես կարծում եմ` անկախության տոնին ամենահապատասխանը կլիներ խաչատրյանական համերգը: Վերջիվերջո, ի՞նչ է նշանակում Խաչատրյանը մեզ համար: Սա նշանակում է, որ ակամա դու էլ ես դառնում մեծ, դու ներկայացնում ես մի ազգ, որը Խաչատրյան է տվել: Եթե գերմանացիներն իրենց տոնի ժամանակ լսում են Բեթհովեն կամ Բախ, իսկ ավստրիացիները` Մոցարտ, մենք էլ ունենք նման հնարավորություն: Ես կգերադասեի, որ այս տարվա մեր անկախության համերգը խաչատրյանական լիներ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա` անդրադառնալով անկախության օրվա Նունե Եսայանի համերգին և դրա շուրջ քննարկումներին:
Հարցին` ինչո՞ւ կազմակերպիչները չեն գիտակցում դա, Ռուբեն Բաբայանը պատասխանեց կարճ պատմությամբ. «Կար շատ հայտնի սովետական դիսիդենտ, Վլադիմիր Բուկովսկի, որը հոգեբուժարանում էր նստած: Երբ Չիլիում հեղաշրջում եղավ, իսկ կոմունիստական առաջնորդ Կորվալանին ձերբակալեցին, միայն այդ ժամանակ որոշեցին Բուկովսկուն փոխանակել Կորվալանի հետ: Բուկովսկին տասնյակ տարիներ նստեց հոգեբուժարանում, նա հայտնի այլախոհ էր, երբ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Լոնդոնում, լրագրողները մոտեցան իրեն և ասացին. «Խնդրում ենք, ասեք մեզ` որոնք են Ձեր և սովետական իշխանության տարաձայնությունները», նա հանճարեղ պատասխան տվեց, ասաց` դրանք գտնվում են գեղագիտության դաշտում»:
Ինչ վերաբերում է այդ համերգի վրա ծախսված գումարներին, դրա մասին վարպետը այնքան էլ չի ուզում խոսել, չի սիրում ուրիշի փողերը հաշվել: «Կարծում եմ` կոնկրետ կատարողը` Նունե Եսայանը, ընկել է անհարմար վիճակի մեջ, ես չեմ կարծում, որ բոլոր փողերն իրենց հասել են, դա շատ մեծ գումար է, մեր երգիչներն այդքան գումարով չեն երգում` հաշվելով նաև տեխնիկան, և այլն, և այլն: Բայց սա ևս արժեքների համակարգ է, ինչի՞ն ենք մենք գումար տալիս: Այդ համերգին տված գումարը Տիկնիկային թատրոնի վեց ամսվա բյուջեն է: Թատրոն, որը խաղում է մոտ 350 ներկայացում, այցելում է մոտ 50 հազար հանդիսական, որի աշխատակազմը 120 հոգի է: Եթե մի գործի վրա դրվեր, որը մեզ մեր աչքերում ավելի կմեծացներ, ավելի հպարտ կդարձներ, միգուցե արժեր:
Անկախության տոն, ազատության տոն, դա նշանակում է, որ այն ամենը, ինչ կատարվում է այդ օրը, պետք է մեր մեջ ազատության, հպարտության զգացողություն առաջացնի, ազատության զգացողություն, ոչ թե` քեֆի»,- եզրափակեց նա:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Նունե Եսայանի համերգը պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 54 մլն դրամ:
Նախորդող՝
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում