Մեքսիկային սպառնում է խոլերայի համաճարակ
Մեքսիկային սպառնում է խոլերայի համաճարակ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն`երկրի կենտրոնական նահանգներից մեկում՝ Իդալգոյում, արդեն 77 մարդ է հիվանդացել խոլերայով: Իշխանությունները ձեռնարկում են հիվանդության տարածումը կանխարգելող միջոցառումներ:
Մեքսիկայի առողջապահության նախարար Մերսեդես Խուան Լոպեսի խոսքով՝ նահանգի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի հիվանդությունը չտարածվի:
Հիվանդներից միայն 9 մարդ է մնացել հիվանդանոցներում, մյուսները բուժվում են ամբուլատոր պայմաններում:
Մինչ այժմ հիվանդության տարածման հստակ պատճառը հայտնի չէ: Մասնագետները նշում են, որ, հավանաբար, հիվանդությունը տարածվել է աղտոտված ջրի միջոցով: Իշխանությունները կոչ են անում օգտագործել միայն մաքուր ջուր: