ԵԽԽՎ նախագահը տեղյակ է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից. Փոստանջյանի անդամության շուրջ կրքերը շարունակվում են
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Փոստանջյանի փոխանցմամբ՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի: Առայժմ Եվրոպայի խորհուրդը Հովիկ Աբրահամյանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել և հետևաբար որևէ գործունեություն չի կարող ծավալել:
Փոստանջյանը ասել է նաև, որ իրեն հայկական պատվիրակության կազմից հանելու` Հովիկ Աբրահամյանի «ավտորիտար քայլերի» մասին արդեն տեղյակ են և ԵԽԽՎ-ում, և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում, որին անդամակցում է Փոստանջյանը:
«Նաև ԵԽԽՎ-ի նախագահն է տեղյակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, և շատ են ցավում, որ Հայաստանը շարունակում է գտնվել ավտորիտար տիրույթում, և ազատ խոսքի իրավունքը, ընդդիմության հայտարարությունները կարող են նման հետապնդումների և ոտնձգությունների առարկա դառնալ»,- փոխանցել է Փոստանջյանը։
Հիշեցնենք` Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: