Հայաստանի նվերը ԵԽ-ին. «Միասնության ուժը» ապակեպատկերը խորհրդանշում է լույս, ուժ, ճշմարտություն, հավատ
ԵԽ-ում ՀՀ նախագահությունը լիագումար նիստերի դահլիճին նվիրել է «Միասնության ուժը» կոչվող ապակեպատկեր ստեղծագործությունը, որի հեղինակն է նկարչուհի Արև Պետրոսյանը:
Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը Արև Պետրոսյանի հետ:
- Ի՞նչ է խորհրդանշում «Միասնության ուժը» ստեղծագործությունը:
-Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի հենասյունն է: Մեզ համար Խորհրդարանական Վեհաժողովը ժողովրդավարության այն տաճարն է, որի պատերից ներս ծնվում ու ճանապարհ են անցնում ժողովրդավար Եվրոպայի կառուցման գաղափարները: Եվրոպան բազմազան է և դրանով է հարուստ: 800 միլիոն եվրոպացիները հավասար են: Նրանք ունեն ընդհանուր արժեքներ և ընդհանուր ապագա: Մեր միասնական ջանքերից է կախված, թե որքանով կկարողանանք դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին և «Ապրել միասին» պահպանելով մեր բազմազանությունը:
Ներկայացված էսկիզը իմ պատկերացումն է Եվրոպայի խորհրդի հիմնական և կարևորագույն գաղափարի` միավորում միասնական համամարդկային արժեքների շուրջ, այն է` մի լույս, ուժ, ճշմարտություն, հավատ, որը ոլորապտույտի պես իր անսասան գաղափարի շուրջն է հավաքում մարդ էակին, իր բացարձակ կատարյալ առաձնահատկություններով, կարևորելով և հարգելով նաև ազգային, կրոնական, ռասսայական, պատմական բազմազանությունները:
-Որքա՞ն ժամանակում եք ստեղծել աշխատանքը:
Ուզում եմ ասել, որ սա արդյունք էր երկար և միասնական աշխատանքի: Բավական երկար և դժվարին գործընթաց էր ուղղորդված քննարկումներով, փոխադարձ համաձայնություններով, ըստ պահանջի անվերջ փոփոխություններով: Քննարկվում և հաստատվում էին անգամ դեցի միլիմետրերը: Գործընթացը տևեց մոտ մեկ տարի: Վեց ամիս նյութի վրա աշխատանքների վերջին փուլը, որի արդյունքում մենք ունեցանք 24 քմ, ութ կտորից բաղկացաց մի ծավալուն աշխատանք: Աշխատանք` որի մասին հիացմունքով էին խոսում բոլոր ներկա պառլամենտականները: Չեմ կարող առիթից չօգտվել և շնորհակալությունս հայտնել բոլոր այն մարդկանց, ով թեկուզ չնչին, բայց մաս է կազմել այս պատասխանատու գործի կայացման ընթացքում:
-Կոնկրետ առաջարկվել է, թե ի՞նչ թեմատիկայով պետք է արվի:
-Որևէ կոնկրետ թեմա պարտադրված չէր: Նախնական կոնկուրսային փուլում, տրված էին միայն գծագրերը և չափսերը: Անգամ կատարման եղանակը պարտադրված չեր:
-Ինչպիսի՞ զգացողություն ունեիք աշխատանքի ստեղծման ընթացքում, ավելի մե՞ծ էր պատասխանատվությունը, քանի որ Հայաստանի նվեր էր լինելու Եվրոպական կառույցին:
-Մեծ պատասխանատվության զգացողություն. մեծածավալ, մոնումենտալ աշխատանք, տեխնիկական բազմազան դժվարություններով լի, օպերատիվ խնդիրների լուծումներ… Եվ ներկայացնում ես Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական այնպիսի կառույցում, ինչպիսին է Եվրոպայի խորհրդի շենքը: Իհարկե, արվեստագետը միշտ է ապրում մեծ պատասխանատվության զգացողությամբ, մշտական դեսպան ես տարբեր երկրներում, ներկայացնում ես ԱԶԳդ, հայի տեսակը քեզանով են ճանաչում և գնահատում: Պատասխանատվության զգացողությունը դեռ մանկուց է ձևավորվում, քանի դեռ ներկայացնում ես առաջինը` քո ընտանիքը, հետո ավելանում է` ազգային պատկանելիությունը, և վերջապես պետություն: Իմ համար մեծ պատիվ է:
-Չե՞ք պատրաստվում նմանատիպ աշխատանք անել հենց մեզ՝ հայաստանցիներիս ներկայացնելու համար:
- Ինչու ոչ (լայն ժպիտ)… Ուրախությամբ կընդունեմ որևէ առաջարկ:
-Կներկայացնե՞ք «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն» եռանկարը:
-Եռանկարը՝ «Սեր», «Ազատություն», «Գիտակցություն», որոնք Հայաստանի Հանրապետության նախագահը նվիրել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ևս խորհրդանշում է միասնության ուժը: Այս եռանկարի հիմքում դրված է իմ պատկերացումը Եվրոպայի խորհրդի հիմնական և կարևորագույն արժեքների մասին: Մի հզոր ուժ, որը ոլորապտույտի պես անսասան գաղափարի շուրջն է հավաքում մարդ էակին, իր առանձահատկություններով, կարևորելով և հարգելով նաև ազգային, կրոնական, ռասսայական, պատմական բազմազանությունները: Ուժ, որը ծնվում է միասնության շնորհիվ: Ուժ, որի հիմքում տեսնում եմ երեք կարևորագուն համամարդկային արժեքների միաձուլում, այն է`
Սեր. Ազատություն. Գիտակցություն.
«Սեր»` բացարձակ ճշմարտություն` զգացում առանց որի անհնար է պատկերացնել կյանքը, հարաբերությունը, ծնունդը, բնությունը, աշհարհը, մարդկությունը և անսահման տիեզերքը…
«Ազատություն»` հիմնարար իրավունք մարդկության, բնության ընտրության, հոգու, գոյության, կյանքի, ստեղծագործելու…
«Գիտակցություն»` իմաստավորված ամբողջություն ինտելեկտուալ մտածողության, ըմբռնման, երևակայության, ինքնագիտակցության, փոխըմբռնման, բանականության…
Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ այս նկարներիս շարքը ստեղծվեց հանճարեղ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի ներքո: Իմ գենը իմ ուժն է: Իմ տաղանդի, կարողությունների, հպարտ կեցվածքիս, առժանապատվության զգացողության և մնացած բարձր որակներիս համար պարտական եմ մեր մեծ հանճարներին, ովքեր ուղղորդում են ինձ իմ կյանքի ճանապարհին: