Անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը սոցխոցելի խմբերի զույգերին կերաշխավորվի պետության կողմից
Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։ Եվրախորհրդարանի 2008 թ-ի հռչակագրում Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկը համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը` ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։
Հենց այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն է նվիրված այսօր մեկնարկած «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, դիմելով գիտաժողովի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշել է.
«Ինչպես գիտեք, վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել մարդկության զարգացման ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը, ծնելիությունն ու բնական աճը: Ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակաբար ջանքեր է գործադրում վերարտադրողական առողջության ոլորտում բուժօգնության բարելավման, որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ։
2014թ. հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերին անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը տարեցտարի ընդլայնել»։
Լուսանկարներն այստեղ