«Դոկտրինա». Ադրբեջանում գոյություն չունի բանակի ապագա զարգացումը որոշող պաշտոնական փաստաթուղթ
«Դոկտրինա» ռազմական հետաքննությունների լրագրողական կենտրոնը հրապարակել է ադրբեջանական բանակի իրավիճակի մասին արևմտյան մասնագետների կարծիքը: Փորձագետները կարծում են, որ Ադրեջանի Զինված ուժերին ծայրահեղ դժվար է ապահովել ժամանակակից գիտելիքների տիրապետող որակյալ կադրեր, գրում է ադրբեջանական «Musavat.com» կայքը:
Պատճառներից մեկը ռազմական ուսումնարանների դիմորդների գիտելիքի և ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակն է: Մեկ այլ պատճառ է նաև սպայական կազմի պատրաստվածության և կրթական ծրագրի ցածր մակարդակը: Պատճառներից են նաև երիտասարդ սպաներին պաշտոնների նշանակման ընտրության գործում արդարություն չպահպանելը, կարիերայի ճանապարհին տարատեսակ խոչընդոտները, ուսուցումների և վարժանքների նպատակով արտերկիր մեկնելու համար կողմնակալ ընտրությունը, ինչպես նաև արտերկրում կրթություն ստացած զինվորականներին պաշտոններում նշանակելու գործում հանդիպող խնդիրները:
Հետազոտությունների համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի անձնական կազմի միայն 20-25%-ն է համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ընդ որում` այդ կադրերի 90%-ը զբաղեցնում է բրիգադների հրամանատարների և ավելի ցածր պաշտոններ: Ադրբեջանի անկախության տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող կադրերը չեն նշանակվել ոչ խոշոր ռազմական միավորումների հրամանատարների, ոչ էլ Պաշտպանության նախարարության բարձր պաշտոններում:
Փորձագետները նշում են, որ եթե իրավիճակը չփոփոխվի, Ադրբեջանի ԶՈՒ զարգացման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու մասին խոսելն արդեն ավելորդ կլինի: Պարզ չէ նույնիսկ ԶՈՒ կառուցման ռազմավարությունը մոտակա 5-10 տարիներ համար, և դա կապված է այդ հարցում կառավարության կողմից կոնկրետ ռազմավարական քայլերի բացակայության հետ:
«Կառավարությունը շփոթված է բանակի կառուցման գործընթացի հարցում: Զենքի և ռազմական տեխնիկայի գնումը , զինվորականների աշխատավարձերի չնչին բարձրացումները` դրանք բոլորը տակտիկական միջոցներ են: Բանակի կառուցման առաջնահերթությունները ռազմավարական տեսանկյունից պարզ չեն: Կառավարությունը չգիտի` բանակը կառուցի ՆԱՏՕ-ի, թե նախկին խորհրդային չափանիշներին համապատասխան:
Հնչում են նաև երկու համակարգի համատեղ գործարկման մասին կարծիքներ, սակայն մեկ բան պարզ է. դրանք բոլորը կարծիքներ են: Բանակի ապագան որոշող որևէ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի», - կայքի հետ զրույցում նշել է «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա