Մեր նպատակը Տիգրան Առաքելյանի և մյուս տղաների արդարացմանը հասնելն է. Փաստաբան Շուշանյան
«Սա դատարանի կողմից բացահայտ կամայական քայլ էր և թեկուզ հենց այս պրոցեսի ընթացքում ակնհայտ աղաղակող կամայականություն դատարանի կողմից չէր եղել: Որովհետև բոլորս գիտենք, որ միջնորդությամբ հանդես գալը, դատավարության մասնակիցների իրավունքն է, և նրանք դրանից պետք է օգտվեն լիարժեք կերպով: Բայց դա սահմանափակվեց», -այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ Շուշանյանը Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն ներկայացրեց, սակայն դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, դրան չանդրադարձավ: Նախորդ միջնորդությունները մերժելուց հետո հայտարարվեց հաջորդ նիստի օրը ու դատական նիստը դրանով համարվեց ավարտված:
«Համաներման մասին Ազգային ժողովի որոշմամբ էր պայմանավորված նման միջնորդություն ներկայացնելը, որովհետև համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա: Այն հիմքերը, որոնք նախկինում բերվում էին դատարանի կողմից Տիգրան առաքելյանի անազատության մեջ մնալու անհրաժեշտությունը հիմնավորելու համար, որ նա կարող է թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվությունից, այդ հիմքերը վերացել էին այն պահից, երբ պարզ էր դարձել, որ համաներումը տարածվում է նաև Տիգրան Առաքելյանի նկատմամբ», բացատրեց փաստաբանը` ընդգծելով, որ հաջորդ դատական նիստում ևս, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ին, նույն միջնորդությամբ է հանդես գալու:
«Մեր նպատակը Տիգրան Առաքելյանի և մյուս տղաների արդարացմանը հասնելն է: Մենք իհարկե, կարող էինք պրոցեսը արհեստականորեն արագացնել` գալ դատական նիստի ու հայտարարել, որ նոր միջնորդություններ չունենք, որ մենք պատրաստ ենք ճառերի, կիսատ-պռատ ինչ-որ ճառ ասել, դատարանն էլ հեռանար խորհրդակցական սենյակ, գար հայտարարեր, ու Տիգրանը հայտնվեր ազատության մեջ: Բայց մենք ցանկանում ենք լիարժեք օգտվել մեր դատավարական իրավունքներից. Տիգրան Առաքելյանը և մյուս տղաները ոստիկանության կողմից կամայականությունների ու հանցանքների զոհ են: Նրանք չեն հանցագործները, այլ նրանց նկատմամբ ապօրինի գործողություն կատարողները», -հայտարարեց փաստաբանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը` դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանի որոշման հիմքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական նորմերի խախտումներն են եղել:
Հիշեցնենք` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012-ի նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները, որով պահանջվում էր բեկանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Սակայն Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել առաջին ատյանի վճիռը:
Նշենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի վճռի, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են