Մենուա Սողոմոնյան. Ալիևի վերընտրությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն բարելավվի
«Ժողովրդավարության խորը արմատներ չունեցող երկրներում արտաքին քաղաքականության փոփոխությունը տեղի է ունենում լիդերի փոփոխության հետ միասին: Իլհամ Ալիևը ունի վերընտրվելու մեծ հնարավորություններ՝ Ադրբեջանում կայանալիք ընտրություններում և որևէ բարելավում հայ-ադրբեջանական հարաբերություններում Ալիևի վերընտրությամբ սպասել պետք չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպնմանն անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ինչքան ավտորիտար է երկիրը, այնքան այդ երկրից պետք է սպասել ագրեսիվ և անկանխատեսելի պահվածք:
«Ինչքան Ադրբեջանը դառնա ժողովրդավար, այնքան այդ երկիրը ավելի կանխատեսելի կլինի հարևանների համար, քանի որ որոշումների կայացման վրա կազդեն մի քանի ակտորներ, դերակատարներ»,-նշեց Մ. Սողոմոնյանը:
Նրա խոսքերով, պատերազմական իրադրությունը կարող է Իլհամ Ալիևին ձեռնտու լինի՝ սեփական դիրքերը այդ ֆոնին ամրապնդելու առումով:
«Ադրբեջանի կողմից հրահրվող սպառազինությունների մրցավազքին Հայաստանը կարողանում է հավասարակշռել և պահպանել ռազմական բալանսը: Հենց այդ հանգամանքը՝ուժերի բալանսը հետ է պահում Ադրբեջանին պատերազմի վերսկումից»,-ասաց Մ. Սողոմոնյանը:
Իր հերթին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ Ադրբեջանի հետ պետք չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, քանի որ այդ երկիրը ունի մեծ ֆինանսական հնարավորություններ՝ պետք է գործի դնել Ադրբեջանի վրա ազդեցության այլ լծակներ, որոնք առկա են:
«Ադրբեջանում նախագահական ընտրություններում հաղթողի հիմնական շանսերը կրկին պահպանում է գործող նախագահ Իլհամ Ալիևը»,-նշեց Ս. Ասատրյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ ընտրությունները հարթ անցնեն և Արևմուտքին ցուցադրեն, որ իրենց մոտ ժողովրդավարական փոփոխություններ կան:
«Ես Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացներ չեմ նկատում և դժվար թե մոտակա տարիների ընթացքում այդ գործընթացները տեղի ունենան այդ երկրում»,-նշեց ադրբեջանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով