«Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է». Քաղաքապետը շնորհավորել է գրադարանավարներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել գրադարանային համակարգի աշխատողներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ։
Մեր ժողովրդը դարեր շարունակ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրականությանն ու գրքին։ Այդ սերը հաճախ հասել է անգամ պաշտամունքի աստիճանի ու, սերնդեսերունդ փոխանցվելով, հասել մինչև մեր օրերը։ Այսօր ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև հարստանում է նոր, գեղեցիկ ավանդույթներով ու նաև այդպիսով նպաստում համակարգի զարգացմանը։
Ձեր շնորհիվ է նաև, որ տեխնիկական առաջընթացի, ժամանակակից տեխնոլոգիաների ներկա պայմաններում մատաղ սերնդի, երիտասարդության շրջանում արթուն է գրքի, ընթերցանության նկատմամբ սերը։ Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անհերքելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր առաքելությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաջառողջություն, սեր և համերաշխություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին»։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»:
Նույն աղբյուրի համաձայն, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը գրադարանավարի օրվա կապակցությամբ քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել ոլորտի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցների՝ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար։
«Դուք պրոպագանդում եք գիրքը, հետևաբար շատ մեծ դեր ունեք մանուկների, երիտասարդության դաստիարակության, նրանց աշխարհայացքի ձևավորման գործում։ Երևանի քաղաքապետը շատ է կարևորում ձեր համակարգը, հետևաբար բարձր է գնահատում և ձեր գործը. դրա վառ վկայությունն է այս տարի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում ընդգրկված գրադարանային պայմանների բարելավման ծրագիրը, և այն երախտիքի խոսքը, որն այսօր քաղաքապետի անունից փոխանցվում է ձեզ՝ պատվոգրի տեսքով»,- նշել է Կամո Մովսեսյանը։
Գրադարանային ոլորտի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել գնահատանքի համար՝ ընդգծելով, որ ոլորտին ուղղված ուշադրությունն ընթացիկ տարում տեսանելի է մի շարք ձեռքբերումներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները