«The Washington Post». Եկեղեցու զանգերը հնչում են Թուրքիայի մի անկյունում, որտեղ իրականացվել է հայոց ցեղասպանությունը
«The Washington Post» պարբերականը անդրադարձել է Թուրքիայում հայկական եկեղեցու վերաբացմանը:
Պարբերականի հաղորդմամբ` Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որն ավիրվել էր 1915թ.-ի ջարդերի ժամանակ և չէր գործում արդեն շուրջ մեկ դար, վերակառուցվել է. արդեն մի քանի ամիս է, ինչ հնչում են եկեղեցու զանգերը:
Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է շուրջ 3 միլիոն դոլար. վերակառուցվել է եկեղեցու առաստաղը, վերականգնվել են բոլոր յոթ խորանները և երկաթե զանգը վերադարձվել է զանգակատուն:
Տեղաբնակ մի հայի խոսքերով՝ եկեղեցու զանգերը դեռևս սիմվոլիկ նշանակություն ունեն, քանի որ եկեղեցու քահանան գտնվում է Երուսաղեմում՝ վերապատրաստման, սակայն երբ նա վերադառնա, եկեղեցում ամեն շաբաթ կանոնավոր պատարագ կմատուցվի:
Ըստ հոդվածի հեղինակի` Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումը, որը Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող ամենամեծ հայկական ուխտատեղին է, դիտվում է որպես քուրդ մուսուլմանների կողմից հայոց ցեղասպանության մեջ իրենց նախնիների դերի վերաարժևորման փորձ: Հեղինակը հիշեցնում է, որ ապրիլ ամսին քրդական Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցությունը ճանաչել էր 1915թ.-ի կոտորոծը և կոչ էր արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել հայերի ցեղասպանությունը:
Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումը տեղի է ունեցել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետի նախաձեռնությամբ, ով ո՛չ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրել եկեղեցու վերակառուցմանը, այլև կանգնեցրել է 1915թ.-ի զոհերի հիշատակին նվիրված մի հուշարձան հանրային զբոսայգում, ինչպես նաև նախատեսում է այնտեղ բացել հայկական թանգարան:
Հոդվածը նաև նշում է, որ Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումն ամենևին չի վկայում այն մասին, որ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբացման ընդհանուր միտում կա. ընդհանուր առմամբ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիները վտանգված են, իսկ վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ մնում է բացասական: