Զ. Փոստանջյան. Ռուբիկ Հակոբյանը ներկայացնում է մի սերունդ, որը դեռ այլ սկզբունքներով է առաջնորդվում
«Ես հանդիպել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Նա ողջունել ու դրական է գնահատել իմ հայտարարությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` խոսելով իր` ԵԽԽՎ-ում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղած հարցի մասին:
Ինչ վերաբերում է իր կուսակիցներ` Ռուբեն Հակոբյանի, Անահիտ Բախշյանի հայտարարություններին, նա ասաց, որ «Ժառանգությունը» կոմունիստական կուսակցություն չէ, և կուսակցության ամեն անդամ կարող է իր կարծիքն ունենալ:
«Բնական է, որ իմ գործընկերներից ոմանք չունենային նման հարցադրումներ: ԵԽԽՎ-ում ես եմ ներկայացնում խմբակցությունը ոչ թե Ռուբիկ Հակոբյանը: Նա մեծ ներդրում ունի մեր նոր անկախ պետականության մեջ, բայց ներկայացնում է մի սերունդ, որը դեռ այլ սկզբունքներով է առաջնորդվում, որը տարբերվում է իմ սերունդից»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, որ պետք է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն անել, նա ասաց, այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին, ԵԽԽՎ բյուրոյում քննարկման առարկա է դարձել ու երբ ԱԺ նախագահի կողմից պաշտոնական քայլ լինի, այդ ժամանակ էլ կլինի ԵԽԽՎ-ի կողմից պաշտոնական արձագանք: