Վրաստանում «Պետական լեզվի մասին» օրինագծի մեջ վրացագետը հայերի դեմ կոնկրետ դիտավորություն չի տեսնում
Վրաստանի խորհրդարանն աշխատում է «Պետական լեզվի մասին» օրինագծի վրա, ինչը խիստ մտահոգել է ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ջավախահայությանը: Սամցխե Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդն արդեն դիմել է Վրաստանի կառավարությանը:
Վրացագետ Ալիկ Էրոյանցը չի կարծում, որ այս օրինագծում կոնկրետ դիտավորություն լինի ջավախահայերի դեմ: «Վաղուց քննարկվում էր այս օրինագիծը և նախորդ իշխանությունների, և այս իշխանությունների օրոք: Օրինագիծը կոնկրետ հայերին ուղղված չէ: Առաջին հերթին անում են իրենց լեզվի պաշտպանության շահերից ելնելով, բայց իրենք ուզեն, թե՝ ոչ, պետք է հաշվի առնեն նաև այն միջազգային պարտավորությունները, որ ստանձնել են: Եթե Վրաստանի քաղաքացին չի տիրապետում վրացերենին, նրան ստիպում են, որ սովորի: Սա չի խթանի ժողովրդավարությունը»,- ասաց փորձագետը:
Նա նկատեց, որ Վրաստանը 1999-ին պարտավորություն է ստանձնել, որ պետք է ընդունի Տարածաշրջանային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, որը նախատեսում է, որ բոլոր պետական ծառայությունները, որ մատուցվում են, կոնկրետ տարածքներում պետք է հասանելի դարձվեն այն լեզուներով, որտեղ ավանդաբար դրանով են հաղորդակցվում: Եթե Ջավախքում հիմնականում հայերեն են խոսում, նրանց համար խնդիր կլինի այս օրինագծի ընդունումից հետո:
Սա է պատճառը, որ օրենքի նախագիծը մեծ դժգոհությունների առարկա է դարձել: Ըստ այդ օրենքի՝ պետք է ստեղծվի պետական մարմին, որը վերահսկողություն է իրականացնելու և զբաղվելու է պաշտոնական փաստաթղթերում, գովազդներում, լրատվամիջոցների հրապարակումներում գրական վրացերենից շեղումներով, որոնց դեպքում տուգանքներ են սահմանվելու:
Փորձագետի բնորոշմամբ՝ այս օրենքում որևէ արտառոց բան չկա, սակայն այն երկրում, որտեղ ազգային փոքրամասնություններ կան, կարող են լրջագույն խնդիրներ առաջացնել: «Վրացերենի լավ չտիրապետող քաղաքացիները խնդիրներ են ունենալու ծառայություն ստանալու, մատուցելու գործընթացում, եթե վրացերենին չեն տիրապետում: Տեղին էր հայկական կազմակերպությունների կոչը այս հարցի հետ կապված»,- նշեց նա:
Ըստ Ալիկ Էրոյանցի՝ եթե այս օրինագծի ընդունելուն զուգընթաց քննարկումներ սկսվեն հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցի շուրջ և օրենք ընդունեն, ապա կբալանսավորվի:
Նախորդիվ՝
Պահանջ` Վրաստանի իշխանություններին. Ջավախահայերը սեփական լեզուն կիրառելու իրավունք ունեն