Ա. Զուրաբյան. Եվրոպան չի հրաժարվի Հայաստանից
«Իշխանությունը գնաց այն ճանապարհով, որ մի քիչ զարմանք է առաջացնում, որովհետև մինչև սեպտեմբերի 3-ը հստակ գնում էինք դեպի Եվրոպա մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվեց, փլուզվեց, գնացինք դեպի Մաքսային միություն»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը, նշեց Հայոց համազգային շարժում կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը:
Նրա համոզմամբ` Հայաստանի համար եվրոպական ինտեգրումը շատ կարևոր էր և կտրականապես կարող էր փոխել իրավիճակը երկրում, զարգացումը կլիներ այլ ճանապարհով:
«Ցավոք սրտի տեղի ունեցավ այն, ինչը ինչ-որ տեղ կանխատեսելի էր, մենք դուրս մնացինք այդ պրոցեսից: Ընդ որում, միայն մենք դուրս մնացինք. Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը շարունակում են այս գործընթացը: Թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը, որևէ մեկը լուրջ պատասխան, կարծում եմ, չի կարող տալ: Վաղ է խոսել, թե ինչ օգուտներ և առավելություններ ենք ունենալու»,- ասաց բանախոսը` հավելելով, որ կլինեն կորուստներ:
Նա նշեց, թե արդեն արձանագրվել է մեկ կորուստ և դա այն է, որ հունվարից աշխատավարձերի խոստացված կրկնակի ավելացումը Մաքսային միությանը միանալու որոշումից հետո հետաձգվեց ամռանը:
Մանրամասնելով, թե որոնք են Եվրամիության և Մաքսային միության երկընտրանքի պարագայում այդ միությունների հնարավոր կորուստներն ու օգուտները` բանախոսը փաստարկեց Տոմսկի պոլիտեխնիկական համալսարան և Հարվարդի համալսարան ընդունվելու պայմանների օրինակով:
«Կարծում եմ, որ գերադասելի է համապատասխանել ավելի բարձր պայմաններին: Իհարկե, ինտեգրման սկզբնական շրջանում կլինեն բարդություններ, սակայն կլիներ ձգտում փոխելու որոշ բաներ: Այստեղ քաղաքակրթական համակարգերի ընտրության հարց է»,- ընդգծեց Ա. Զուրաբյանը:
Այդ երկընտրանքում Հայաստանի և Արցախի անվտանգության գործոնի վերաբերյալ հարցին պատասխանելիս` նա ասաաց, որ անվտանգությունն ամենալուրջ մարտահրավերն է:
«Իշխանությունների վարած քաղաքականությունն է պատճառը, որ ունենք այդ մարտահրավերները: Բնականաբար, եթե մեր տնտեսությունը զարգանար, ունենայինք նորմալ արդյունաբերություն, բյուջետային լուրջ մուտքեր, չէինք կանգնի նման փաստերի առջև»,- նշեց Ա. Զուրաբյանը:
Panorama.am-ի դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել Եվրամիության հետ համագործակցությունը և կարևորում են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, հետևաբար հնարավո՞ր է ԵՄ հետ համագործակցության նոր ձևաչափ, նա պատասխանեց, որ «Եվրոպան չի հրաժարվի Հայաստանից»:
«Պարզապես հարաբերություններում զարգացումը շատ ավելի դանդաղ տեղի կունենա: Ապրենք, կտեսնենք: Բանակցված ձևով Ասոցացման համաձայնագիրը հաստատ չի ստորագրվի: Ինչ-որ բան կարող է ստորագրվել: Կարծում եմ, որ իշխանությունները բանակցում են, որպեսզի ինչ-որ բան ստանան»,- նշեց Արարատ Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով