«Որքան հնարավոր է շատ». այսօրվանից համաներման մասին որոշումը կյանքի կկոչվի
Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներն այսօրվանից կբեռնաթափվեն. հոկտեմբերի 8-ին սկսելու են կիրառել ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՀ հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Բոլոր քրեակատարողական հիմնարկներից ազատ կարձակվեն այն բանտարկյալները, ում վրա ազդում է համաներումը», -տեղեկացրեց Ղլեչյանը:
Հարցին, թե գործնականում որքա՞ն բանտարկյալ հնարավոր կլինի ազատ արձակել, ԱՆ ՔԿՀ աշխատակիցը պատասխանեց. «Որքան հնարավոր է շատ: Կարծում եմ, որ պետք է բոլորին էլ այսօր հասցնենք»:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, տեղեկացրել էր, որ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը կտարածվի շուրջ 600 դատապարտյալի վրա: Գրեթե նույնքան դատապարտյալի վրա էլ համաներումը կտարածվի մասնակի: