Ադրբեջանական կայքը պատմել է նախագահի որոշ թեկնածուների բանտային անցյալի մասին
Ադրբեջանի նախագահի թեկնածուների կեսը ունեն բանտային անցյալ, բացահայտել է ադրբեջանական «Haqqin.az» լրատվական պորտալը։
««Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիևը «ամենափորձառուն» է ընդդիմադիրների մեջ։ Առ այսօր նա երկու անգամ ձերբակալվել է », - գրում է կայքը։
Ըստ այդ տեղեկատվության՝ Հաջիևն առաջին անգամ ճաղերի հետևում էր հայտնվել 1993 թ.` Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովի հրահանգով։ Երկրորդ անգամ նախագահի թեկնածուն ազատազրկման էր դատապարտվել երեք տարի ժամկետով 1996 թ.-ին։
«Նախագահի մեկ այլ թեկնածու՝ «Ումիդ» կուսակցության» նախագահ, պատգամավոր Իգբալ Աղազադեն ձերբակալվել էր 2004 թ. հոկտեմբերի 22-ին։ Ծանր հանցագործությունների դատարանը Իգբալ Աղազադեին 3 տարի ազատազրկման էր դատապարտել 2003 թ. հոկտեմբերին անկարգություններին մասնակցելու և դրանք կազմակերպելու պատճառով, սակայն 2005 թ. մարտի 20-ին նրան ներում էր շնորհվել», - նշում է կայքը։
Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Սարդար Ջալալօղլուն ևս ձերբեկալվել էր 2003թ. հոկտեմբերին՝ նախագահական ընտրություներից հետո կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում։ Դատարանի որոշման համաձայն՝ Ջալալօղլուն ազատազրկվել էր 4 տարի և 6 ամսով, սակայն 2005թ. նա նույնպես ներման է արժանացել, գրում է «Haqqin.az»-ը։ Ըստ պորտալի՝ Ազգային վերածննդի կուսակցության նախագահ Ֆարիջ Գուլիևը բանտում է անցկացրել իր կյանքի 7 տարին. Գուլիևը՝ որպես քաղբանտարկյալ, պատիժը կրել է 1995թ-ից մինչև 2002թ-ը։ «Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն վերջերս հայտնել է տեղական ԶԼՄ-ներին, որ 1985թ. ձերբակալվել է խուլիգանության մեղադրանքով։ Սակայն Ալիզադեյի պնդմամբ՝ նա ձերբակալվել է իր քաղաքական հայացքների պատճառով», - եզրափակում է կայքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2013թ. հոկտեմբերի 9-ին: Նախորդ նախագահական ընտրությունները կազմակերպվել էին 2008թ.-ի հոկտեմբերի 15-ին: 2003թ.-ից սկսած գործող նախագահ Իլհամ Ալիևն այդ պաշտոնում արդեն երկրորդ ժամկետն է անցկացնում: 2009թ.-ի մարտին Ադրբեջանում հանրաքվե է կազմակերպվել` Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով: Ըստ այդ փոփոխությունների՝ միևնույն անձը կարող է նախագահական պաշտոնը զբաղացնել ավելի քան երկու իրար հաջորդող ժամկետով: Եվրոպայի Խորհրդի Վենեցիայի հանձնաժողովն այդ կապակցությամբ ասել է. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում հետընթաց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա