Քեթրին էշթոն. ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ փոխգործակցությունը
Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:
«Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի և Եվրոպական միության միջև Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում:
Հանդիպմանն անդրադարձ է արվել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։
Նախորդող հրապարակում`
Է. Նալբանդյանը հանդիպելու է Քեթրին Էշթոնի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան