Նոր հանգամանք «Հարսնաքար»-ի գործով` Ն. Հայրապետյանը հայտարարել է, թե ինքն է հարվածել Վահե Ավետյանին
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է լսեր «Հարսնաքար»-ի գործով պաշտպանական կողմի ճառը։ Մինչ այդ, սակայն, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը խոսքի իրավունք է խնդրել և դատարանին խնդրել է լրացուցիչ ցուցմունք տալու իրավունք ու հայտարարել, որ ինքն է Վահե Ավետյանի հետ կոնտակտի մեջ եղել և ինքն է նրան վնասվածքներ պատճառել, փոխանցում է «Ա1+»-ը: Դատական նիստը շարունակվում է:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարել է, որ այլևս չի կարող ապրել ստի մեջ, չի ուզում, որ «անմեղ մարդիկ պատասխան տան չարածի համար»: Այն հարցին, թե ինչու գետնին ընկած Վահե Ավետյանին օգնություն ցույց չի տվել՝ ամբաստանյալը պատասխանել է՝ «Ես էլ էի վատ դրության մեջ, մի քանի րոպե հետո կմոտենայի, բայց իրենք արդեն հեռացել էին»:
Դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատարանն արդեն ավարտել էր դատաքննությունը, սկսվել էր դատական վիճաբանությունների փուլը, երբ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ցանկանում է Վահե Ավետյանին վնասվածքներ հասցնելու վերաբերյալ լրացուցիչ ցուցմունք տալ:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշում կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին:
Նշենք, որ «Հարսնաքար»-ի գործով մեղադրյալներ են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին: Ըստ մեղադրական եզրակացության, ծեծի հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը», Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում