Փորձագետ. Կառավարման համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման
«Հարավային Կովկասի պես անկայուն տարածաշրջանում գտնվելով, անհրաժեշտություն կա նման մասշտաբի մարզումներ անցկացնել, ինչը Հայաստանի համար անվտանգության խնդիր է»,- մեկնաբանելով Հայաստանում մեկնարկված ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Նրա խոսքերով, բանակաշինության գործընթացին զուգահեռ պետք է ապահովվի պետական բոոր մարմինների արդյունավետ փոխհամագործակցությունը, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում արդյունավետ ղեկավարում իրականացնել:
«Շատ կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ ենք մենք պատրաստ արտակարգ իրավիճակներում իրականացնել երկրի տաբեր ոլորտների կառավարումը և ինչպես ենք լուծում մոբիլիզացիայի խնդիրը: Եվ որ ամենակարևորն է մարզումների միջոցով ստուգենք, թե որքանով է մեր ղեկավար մարմինները արտակարգ իրավիճակներում ի վիճակի մոբիլիզացնել երկիրը` բանակին աջակցելու համար»- նշեց Ս. Պետրոսյանը:
Ըստ ռազմական փորձագետի, յուրաքանչյուր ոլորտը կոորդինացնող պաշտոնյա արտակարգ իրավիճակներում իր պարտականություններն է ստանձնելու և շատ կարևոր է, որ պետական մարմինները նման իրավիճակներում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն՝ չեզոքացնելու երկրի առջև կանգնած մարտահրավերները: