Բ.Բուզետտո. Ժողովրդագրական մարտահրավերները խորքային լրջագույն խնդիրների ախտանշաններ են
«Հայաստանը լուրջ ժողովրդագրական խնդիրներ ունի` արտագաղթ, տարեցների թվի ավելացում, ծնելիության ցածր ցուցանիշ և այլն: Այս ամենը շատ է մտահոգում ՀՀ կառավարությանը, ինչպես նաև միջազգային հանրությանը` մենք ապրում ենք մի աշխարհում և բոլորի բարեկեցությունը նշանակություն ունի»,- «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովի մեկնարկին այսօր հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն` ընդգծելով, որ այդ մարտահրավերների պատասխանները գտնելը կենսական նշանակություն ունի և անձամբ ինքը համոզված է, որ դրանից ավելի կարևոր բան չկա:
Նշենք, որ համաժողովի նպատակն է ներկայացնել երկրի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրությունները և համապատասխան լուծումներ ուրվագծել, իսկ համաժողովի շրջանակում ներկայացված զեկույցները ընդգրկում են ժողովրդագրական առումով ամենացավոտ թեմաները` բնակչության թվաքանակի անկում, արտագաղթ, աշխատանքային միգրացիա, ցածր ծնելիություն և այլն:
Շարունակելով խոսքը պարոն Բուզետտոն նշեց, որ իրեն հաճախակի հարցնում են` ինչո՞ւ է ՄԱԿ-ը դեռ Հայաստանում, չէ որ Հայաստանը գնալով ավելի բարեկեցիկ է դառնում.
«Ես միշտ նշում եմ ժողովրդագրական այս մարտահրավերները, որոնք խորը խնդիրների ախտանշաններ են և որոնք լրջագույնս վերաբերմունքի են արժանի»,- նշեց նա ու հավելեց, որ առանձնակի կարևորություն ունի ժամանակին համապատասխան քաղաքականությունների մշակումը և ներդրումը` ոչ միայն մեղմելու առկա մարտահրավերների բացասական ազդեցությունը, այլև գտնելու և օգտագործելու այդ երևույթներին ներհատուկ նաև դրական հնարավորությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էլ, ներկայացնելով նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը նշեց, որ այդ բոլոր երևույթները իսկապես մտահոգիչ են և գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
Աղքատությունը, նրա ներկայացմամբ, Հայաստանում 35 տոկոսից ավելի է գնահատվում, բարձր է գործազրկությունն ու արտագաղթը, որը դեռևս ոչ մի կերպ հնարավոր չէ կարգավորել: Բացի այս, ունենք տարածքային համաչափ զարգացման լրջագույն խնդիր, ինչպես նաև ամենավտանգավոր միտումն այն է, որ ծնելիության գործակիցը Հայաստանում 1.5 է գնահատվում, ինչը բավականին ցածր գործակից է և չի ապահովում նույնիսկ պարզ վերարտադրությանն անհրաժեշտ ցուցանիշը.
«Պետությունը շատ լավ գիտակցում է այս խնդիրների բարդությունը և հակված է այս խնդիրների ավելի լուրջ, ավելի համակարգված լուծումների»,- ընդգծեց փոխնախարարը:
Համաժողովի շրջանակում ներկայացվեց նաև «Հայաստանի բնակչության թվի անկումը» խորագրով զեկույց, որի համար հիմք է ծառայել Քոլոլյան հիմնադրամի օգնությամբ իրականացված ընդգրկուն հետազոտությունը:
Նշենք, որ համաժողովը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան