Երկու տարվա ընդմիջումից հետո Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
«Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կնշանակվեն գործերի հավատարմատարներ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին որոշմանը, մասնավորապես նշել է. «Նյու Յորքում ԻԻՀ և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ուիլյամ Հեյգի միջև տեղի ունեցած խորհրդակցությունից հետո նախօրեին կայացել է երկու նախարարների հեռախոսազրույցը, ինչի արդյունքում՝ որոշում է կայացվել Թեհրանում և Լոնդոնում նշանակել գործերի հավատարմատարներ»:
Հիշեցնենք, որ 2011թ. նոյեմբերի 29-ին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, մի խումբ ուսանողներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, մտել էին դեսպանության տարածք, կոտրել շենքի ապակիները, իջեցրել այդ երկրի դրոշը, փոխարենը` ծածանել Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը:
Այդ դեպքից հետո երկու երկրների հարաբերությունները խիստ լարվեցին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ և պահանջեց, որպեսզի այդ երկրում հավատարմագրված իրանցի դիվանագետները 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը:
Դրան ի պատասխան՝ դեկտեմբերի 7-ին ԻԻՀ Մեջլիսը ընդունեց մի օրենք, համաձայն որի` Իրանի արտաքին գործերի նախարարությունը, հիմք ընդունելով Իրանի ազգային շահերի պաշտպանությունը, պարտավորվում էր երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ ունեցած իր քաղաքական հարաբերությունները իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի՝ միևնույն ժամանակ նվազեցնելով նաև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը:
Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Ռոհանիին հղած նամակում հույս էր հայտնել, որ Իրանի նոր իշխանությունների օրոք Թեհրանի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում