Amnesty International. Ադրբեջանում ձևական ընտրություններ են անցկացվում
Հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, ընտրությունների օրը և առօրյա կյանքում քաղաքական ճնշումները, ահաբեկումը, անմարդկային վերաբերմունքը, կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները և անարդար դատավարությունները Ադրբեջանի իշխանությունների զինանոցում այն մեթոդներն են, որ կիրառվում են ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։
«Քաղաքացիական հասարակության ակտիվիստների գրեթե ամեն օր տեղի ունեցող ձերբակալությունների հաշիվը դժվար թե հնարավոր լինի մտապահել, հաշվի առնելով այն արագությունը, որով այլախոհներին հետապնդում են այս պահին»։
Նման հայտարարությամբ եւ խախտումների վերաբերյալ մանրամասն զեկույցով է հանդես եկել միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը։ Կազմակերպության Եվրոպայի եւ Միջին Ասիայի ծրագրերի տնօրեն Ջոն Դելհոյսենը (John Dalhuisen) տարածված մամլո հաղորդագրության մեջ նաեւ ավելացրել է, որ «հետապնդումները այնքան լայնածավալ եւ հաճախակի են, որ դժվար է գնահատել, թե որքան վատ է իրավիճակն իրականում»։
«Վայրընթաց պարույր. շարունակելով ազատությունների հետապնդումը Ադրբեջանում» զեկույցը փաստերի հիման վրա ներկայացնում է 2011-ի մարտ եւ ապրիլ ամիսների լայնածավալ բողոքի ակցիաներից ի վեր կառավարության կողմից բռնաճնշումների եւ քննադատներին լռեցնելու բոլոր դեպքերը։
Մասնավորապես, փաստերի միջոցով ներկայացվում են հասարակական կազմակերպությունների, մամուլի, հանուն ժողովրդավարական ազատությունների գործող ակտիվիստների խմբերի եւ ընդդիմադիր կուսակցությունների դեմ հարձակումները։
«Այս մեծամասշտաբ հետապնդումները ընդհանրապես կասկածի տակ են դնում ընտրությունների անցկացման արժեքը։ Մարդիկ պետք է ազատ լինեն իրենց կարծիքը ձեւավորելու համար, կիսեն դրանք ուրիշների հետ, պետք է ազատ լինեն բողոքելու, երբ ոտնահարված են տեսնում իրենց իրավունքները, եւ ազատ լինեն այդ ամենը այլոց հետ միասնաբար անելու համար։ Այս ամենից որեւէ մեկը թույլատրված չէ Ադրբեջանում…. Այս ամենին պետք է վերջ դնել», - ասել է Ջոն Դելհոյսենը։