«Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցնում են մեծաքանակ խախտումներով»
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական շտաբը հաղորդում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված խախտումների մասին: Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ժամը 07.45 Ջեբրայիլ-Գուբադլի շրջանի 46 120-րդ ընտրական տեղամասում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի դիտորդները մեծ թվով քվեաթերթիկների լցոնում են գրանցել դեռ մինչև քվեարկության մեկնարկը:
Խաչմազի շրջանի 55-ի 1-ում տեղական իշխանությունը բյուջետային հիմնարկի մեծ քվով աշխատակիցների է բերել ընտրատեղամաս:
Ադրբեջանական «Մինվալ» պորտալը հայտնում է, որ ըստ «Ենի Մուսավաթ»-ի լրագրողի`13-րդ ընտրատարածքի (Բինագադի) 8-րդ ընտրատեղամասում ոստիկանությունը գտնվում է տեղամասի դռների դիմաց: Ընտրական օրենսգրքի համաձայն` ոստիկանությունը պետք է տեղամասից ավելի քան 100 մետր հեռավորության վրա գտնվի:
«Մինվալ» պորտալը հրապարակել է նաև Սումգայիթ քաղաքում գրանցված ընտրական գործընթացի խախտումների մասին տեսագրություն: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ոստիկանները կառավարում ընտրական գործընթացը Սումգայիթում, ինչն ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է:
Պորտալը նաև հայտնում է, որ Հանրապետական պերինատալ կենտրոնի ադմինիստրացիան կեղծում է ընտրությունները: Այդ հիվանդանոցում բոլոր հիվանդներից հավաքագրվել են անձը հաստատող փաստաթղթերը, որոնք գտնվում են գլխավոր բժշկի մոտ: Հիվանդները պնդում են, որ նրանք պատրաստվում են իրենց փոխարեն քվեարկել:
Բացի այդ, «Facebook» սոցիալական կայքում հրապարակվել է Շամքիր քաղաքի 98-րդ ընտրատարածքի 19-րդ տեղամասում տեղի ունեցած քվեարթերթիկների մասսայական լցոնման մասին տեսագրություն:
«Ռադիո Ազատության» ադրբեջանական ծառայությունը հայտնում է, որ Ուջարի շրջանի 91-րդ ընտրատարածքի 1 ընտրատեղամասում չեն գրանցվում քվեարկած քաղաքացիների մատների համար նախատեսված նշումները: Քվեարկել պատրաստվող քաղաքացիներին նախ ուղեկցում են հանձնաժողովի անդամների սենյակ: Այնուհետև, հանձնաժողովի անդամների հետ հանդիպելուց հետո նրանք մտնում են քվեարկության սենյակ: Գործընթացը հնարավոր չէ վերահսկել այն պատճառով, որ սենյակ են մտնում միանգամից 5-10 ընտրող:
Հայտնում են նաև, որ «Ռադիո Ազատության» թղթակցին ստիպել են լքել Հաթայինի շրջանի 33-րդ ընտրատարածքի 23-րդ ընտրատեղամասը: Թեև լրագրողը ներկայացրել է փաստաթղթերը, նրան արգելել են տեսագրել` ներսից փակելով դռները: Ընդ որում` Սուրահանի շրջանի 32 ընտրատարածքի 22-րդ տեղամասում չեն թույլատրում մոտ հեռավորությունից տեսագրել:
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ առավոտյան քվեարկել են Ադրբեջանի գործող նախագահ և իշխող կուսակցության նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար և Ադրբեջանի նախագահի թեկնածու Ֆարաջ Գուլիևը, «Մուասիր Մուսավաթ» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիևը: «Մինվալ»-ն ընդգծում է, որ ըստ ականատեսների` Հաֆիզ Հաջիևը կարողացել է քվեարկել միայն երկրորդ փորձից, քանի որ առաջին անգամ մոռացել է անձը հաստատող փաստաթուղթը:
«ԱՊԱ» լրատվական գործակալությունը նաև նշում է, որ Ադրբեջանի ԿԸՀ տվյալների համաձայն` ժամը 10.00-ի դրությամբ արդեն քվեարկել է 937 465 անձ (երկրի ընտրողների 18,22%-ը): Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում գործում է 125 ընտրատարածք և 5 492 ընտրատեղամաս: Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 5 միլիոն 145 հազար 643 անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա