«Բի-Բի-Սի». Ինչո՞ւ է Մոսկվային շահավետ Ալիևը
«Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունն անդրադարձել է այսօր Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրություններին և «Ինչո՞ ւ է Մոսկվային շահավետ Ալիևը» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացոնւմ ենք հոդվածը` որոշ կրճատումներով
«Չորեքշաբթի Ադրբեջանում անցկացվում են նախագահական ընտրություններ: Գրանցված է 10 թեկնածու, ևս 11 մարդ փաստաթղթեր է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար, սակայն փորձագետների գնահատմամբ՝ «կրակների երկրում» քվեարկության արդյունքների կանխատեսելիության մակարդակն ավելի բարձր է, քան Ռուսաստանում. գործող 52-ամյա նախագահ Իլհամ Ալիևը կվերընտրվի երրորդ անգամ:
Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Շիրինովի, Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության ստեղծումից (որը ժողովուրդն անվանում է «Միլիարդատերների միություն») և ադրբեջանական ընտրություններում ընդդիմության կողմից Մոսկվայում բնակվող Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության առաջադրումից հետո կարծիք է ձևավորվել, որ Ռուսաստանն իր առջև խնդիր էր դրել փոխել իշխանությունն Ադրբեջանում: Սակայն օգոստոսին Վլադիմիր Պուտինի այցը Բաքու վերջ դրեց այդ շահարկումներին:
«Այցի նախօրեին ադրբեջանցի պատգամավորները և լրագրողները, ով հույսով, ով մտավախությամբ, ասել են, որ Իլհամ Ալիևը Մոսկվայի ցուցաբերած աջակցության դիմաց կարող է վճարել Եվրասիական միությանն անդամակցելու խոստումով, սակայն ինչպես տեսնում ենք, դա տեղի չունեցավ»,- նշում է փորձագետը:
Շիրինովի խոսքերով՝ Իբրահիմբեկովը հետաքրքիր կերպար է եղել, գրավել է բնակչության որոշակի շերտերին, մասնավորապես Բաքվի ռուսալեզու մտավորականությանը, կողմնակիցներ է ունեցել իշխանության ներսում, սակայն տվյալ պահին ոչ մի կուսակցություն և ոչ մի անձ չեն կարող զգալիորեն խարխլել գոյություն ունեցող համակարգը:
Հավանաբար, Վլադիմիր Պուտինը սթափ կերպով հաշվի առավ իրավիճակը՝ որոշելով, որ Իբրահիմբեկովն ամեն դեպքում չի հաղթի, և որոշեց չփչացնել հարաբերություններն Իլհամ Ալիևի հետ:
«Ալիևը բավականին հարմար գործընկեր է Պուտինի համար. կառուցողական է, կանխատեսելի, սովորել է Մոսկվայում: Մոսկվան խելագար չէ՝ անհիմն տեղը կոնֆլիկտ ստեղծելու համար»,- կարծում է ռուս Մաքսիմ Շևչենկոն:
Փորձագետը չի բացառում, որ Իբրահիմբեկովին առաջադրելու հետևում կանգնած է ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն:
«Դա կարող էր լինել PR քայլ՝ ընդդիմությանը շեղելու համար, իսկ վերջին պահին հիմնական թեկնածուին հանելու նպատակը եղել է կազմալուծել և կամքից զրկել ընդդիմությանը»,- նշել է Շևչենկոն:
Ադրբեջանցի վերլուծաբանները միանշանակ համակարծիք են, որ գոյություն ունի մեկ հանգամանք, որն Ադրբեջանին դեմքով կշրջի դեպի Ռուսաստանը. Լեռնային Ղարաբաղի հարցով դիրքորոշման ծայրահեղ փոփոխությունը:
Ռաշադ Շիրինովի խոսքերով՝ համոզմունք է ձևավորվել, որ առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը չէր կարող հաղթել պատերազմը, և որ այսօր ղարաբաղյան հարցի լուծման բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքում, սակայն այս հարցում վերջինիս վրա հույս պետք չէ դնել:
«Հարաբերություններում սառնությունը ելցինյան դարաշրջանի քաղաքականության ժառանգություն է , որն անձամբ ես սխալ եմ համարում, սակայն ինչ արվել, արվել է»,- հայտարարել է Շևչենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա