Դ. Ջամալյան. Ամեն հերթական զորավարժություն ևս մեկ քայլ է՝ մեծ պատերազմը կանխելու ուղղությամբ
«Հանրահայտ ճշմարտություն է՝ միայն պատերազմին պատրաստ լինելով է, որ հնարավոր է կանխել պատերազմը: Իսկ վերջինիս պոտենցիալ հավանականությունը եղել և մնալու է, և ուրեմն՝ ցանկացած զորավարժություն մեր երկրի կյանքում կարևոր իրադարձություն է: Այդպես է, քանզի ամեն հերթական զորավարժություն ևս մեկ քայլ է մեծ պատերազմը կանխելու ուղղությամբ»,- մեկնաբանելով ՀՀ-ում ընթացող «Արձագանք-2013» զորավարժությունը, Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն` հոկտեմբերի 7-9-ը ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկել են «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներ` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
«Սակայն տվյալ դեպքում առկա է ևս մեկ կարևոր հանգամանք: Մեր երկրի պետական համակարգը պետք է պատրաստ լինի հնարավոր պատերազմի դեպքում աշխատել անխափան, և՝ ժամացույցի մեխանիզմի նման ներդաշնակ: Այս զորավարժությունները կոչված են փոխհամագործակցված և կոորդինացված աշխատելու հմտություններ ձևավորել պետական տարբեր գերատեսչությունների ղեկավար կազմի մոտ: Հետևաբար նման զորավարժությունները կոչված են առավել կենսունակ դարձնել մեր երկիրը հնարավոր արտաքին ագրեսիայի դեպքում»,- նշեց Դ. Ջամալյանը:
Նրա համոզմամբ, յուրաքանչյուր բարձրաստիճան պետական պաշտոնյա պետք է դետալիզացված տեսքով՝ որպես քայլերի հաջորդականություն հստակ պատկերացնի իր գործառույթներն ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:
«Հատկապես կարևոր է, որ այդ քայլերի հաջորդականության իրականացումը ղեկավար պաշտոնյաների մոտ վերածվի ավտոմատիզմի, որպեսզի ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման սկզբնական, թերևս ամենաբարդ փուլում պետության կառավարման համակարգի այս կամ այն օղակ ում խառնաշփոթ չառաջանա»,- նշեց նա: